Քեմբրիջի անգլերեն լեզվի բառարանը «հաստատակամությունը» նշել է որպես տարվա բառ
Քեմբրիջի անգլերեն լեզվի բառարանը (Cambridge Dictionary) «հաստատակամությունը» (perseverance) համարել է 2021 թվականի գլխավոր բառ։
«Մենք կարող ենք 2021 թվականի բառ, ըստ Cambridge Dictionary-ի վարկածի, պաշտոնապես հայտարարել «հաստատակամություն» (perseverance) բառը»,-ասվում էTwitter-ում բառարանի էջում հրապարակված հաղորդագրության մեջ: Բառարանային սահմանման համաձայն, «հաստատակամությունը» (perseverance) գոյական է, որը նշանակում է մշտական ջանքեր՝ ուղղված ինչ-որ բանի հասնելուն, նույնիսկ երբ դա դժվար է կամ երկար ժամանակ է պահանջում:
Ինչպես նշվում է, ընդհանուր առմամբ 2021 թվականին այդ բառի նշանակությունը բառարանում փնտրել են 243 հազար անգամ: Որոնողական հարցումների առավել մեծ ալիքը նշվել է փետրվարին, երբ NASA-ի մարսագնացը Perseverance վայրէջք կատարեց Մարսի վրա: Cambridge Dictionary-ի հրատարակչական բաժնի մենեջեր Վենդալին Նիկոլսի կարծիքով, խմբագիրներն այդ բառը համապատասխան են համարել՝ հաշվի առնելով 2021 թվականի խնդիրները:
«Հաստատակամությունը, որը պահանջվում է, որպեսզի մարսագնացը վայրէջք կատարի Մարսի վրա, նաեւ հարկավոր է մարտահրավերներին դիմակայելու համար, որոնց մենք բախվում ենք COVID-19-ի, կլիմայական աղետների, քաղաքական անկայունության եւ հակամարտությունների պատճառով»,-Նիկոլսի խոսքը մեջբերում է Sky News հեռուստաալիքը: NASA-ի նորագույն մարսագնացը Երկրից Perseverance մեկնարկեց անցյալ տարվա հուլիսին եւ փետրվարին հաջողությամբ վայրէջք կատարեց Մարսի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: