Աֆղանստանում ափիոնի արտադրությունն այս տարի աճել է 8 տոկոսով. ՄԱԿ-ի ԹՀՎ
Աֆղանստանում ափիոնի արտադրության ծավալն այս տարի աճել է 8 տոկոսով եւ հասել 6,8 հազար տոննայի: Այդ մասին նոյեմբերի 17-ին հաղորդել է ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի վարչությունը (ՄԱԿ-ի ԹՀՎ):
«Այդ աճը նշանակում է, որ ամբողջ աշխարհի շուկաներ կմտնի 320 տոննա զուտ հերոին»,-ասվում է ՄԱԿ-ի նոր հաշվետվության մեջ, որը նվիրված է Աֆղանստանում թմրանյութերի հետ կապված իրադրությանը:
Նշվում է, որ Աֆղանստանը ներկայում ափիոնի ալկալոիդներ է մատակարարում աշխարհի բոլոր սպառողների 80 տոկոսին: Անցյալ տարի ամբողջ ափիոնի 85 տոկոսն արտադրվել է այս երկրում:
«Աֆղանստանում ստեղծված իրադրությունը պահանջում է միջազգային հանրակցության շտապ միջամտությունը: Անհրաժեշտ է Աֆղանստանի ժողովրդին ցուցաբերվող ՄԱԿ-ի աջակցության շրջանակներում ձգտել հասնել թմրանյութերի անօրինական աճեցման եւ արտադրության, ինչպես նաեւ աշխարհում այդ արտադրանքի պահանջարկի կայուն կրճատման»,-հայտարարել է վարչության ղեկավար Գադա Վալին, որի խոսքը մեջբերվում է ՄԱԿ-ի կայքում:
ՄԱԿ-ի ԹՀՎ-ի տվյալներով՝ ափիոնի ալկալոիդների արտադրությունից շահույթը 2021 թվականին կազմել է 1,8 միլիարդ դոլարից մինչեւ 2,7 միլիարդ դոլար, իսկ երկրի սահմաններից դուրս դրանց վաճառքը բերել է անհամեմատ ավելի մեծ եկամուտներ:
Քաղաքական անկայունությունն Աֆղանստանում հանգեցրել է ափիոնի գների աճի, որոնք գրեթե կրկնապատկվել են մայիսյան ցուցանիշների համեմատությամբ: Ավելի բարձր գները կարող են ֆերմերներին դրդել ավելացնելու արտադրության ծավալները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: