«Մի քանի նախազգուշական կրակոց կարող էր կանխել այդ ողբերգությունը». Դավիթ Ջամալյան

«Պետք է ոչ թե միայն թշնամու գործողությունները առանձին դիտարկել, այլ՝ Նիկոլ-Ալիև տանդեմի փոխհամաձայնեցված գործողությունները: Եթե կռվով տարածք տալու սխեման չի գործադրվում, ապա ինչո՞ւ դուք չեք դիմում մեր ռազմավարական դաշնակցին՝ բոլոր ընդունված իրավաքաղաքական մեխանիզմներն օգտագործելով: Գնալ եթեր և եթերից հայտարարել, որ դիմում ենք ռուսական կողմին, զուգահեռաբար, այդ խմբակցություն կոչվածին քսի տալ դաշնակցի վրա, բայց իրականում չդիմելն ընդամենը մի տրամաբանական հետևության է հանգեցնում՝ հերթական զիջումը պետք էր անել՝ պարզապես կռվով պահել չկարողանալու իմիտացիա ստեղծելով»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Նրա խոսքով՝ առհասարակ կարիք չկար բարձրաձայնել ռուսական կողմին դիմելու մասին. «Կան բազմաթիվ վաղուց մշակված ներքին մեխանիզմներ, և բոլորովին պարտադիր չէ ի լուր աշխարհի օգնություն խնդրել, պետք է ընդամենը կարողանալ ճիշտ համագործակցություն կառուցել ռազմավարական դաշնակցի հետ: Չէ՞ որ ռուսական կողմը վաղուց արդեն Սյունիքում է, ո՞ւմ համար է սա գաղտնի»:

Հարցին՝ չի՞ ստացվում, որ Ադրբեջանի համար միևնույն է՝ ռուսական կողմը Սյունիքո՞ւմ է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Ադրբեջանը վստահ է, որ հայկական կողմն ընդամենը ռուսական կողմին դիմելու իմիտացիա է ստեղծելու, իրականում չի դիմելու: Ի վերջո, չմոռանանք, որ որոշում կայացնողը երկրում ոչ թե ռուսական կողմն է, այլ այս մեծագույն փորձանքը, որ մեր գլխին եկել է 2018թ.՝ իր խմբակով: Մամուլում տեղեկություն հայտնվեց, որ ռուսական կողմը փորձել է դիմել հստակ գործողությունների, խոչընդոտել են: Այսքանից հետո հետևությունը ո՞րն է՝ ուղղակի պետք էր կռվով էլի ինչ-որ հատված տալ, մեղքն էլ գցել ռուսների վրա:

Հակառուսական տրամադրությունների բորբոքման նպատակը մեկն է, որ երբ ստորագրվի վերջնական կապիտուլյացիան, վերջում ռուսներին ասեն՝ այլևս վտանգ չի սպառնում Թուրքիայից և Ադրբեջանից, բազան դուրս բերեք: Դրա ինֆորմացիոն ֆոնն են ստեղծում: Երեկ մի էժանագին հնդկական կինոյի պես բան էր կատարվում ԱԺ-ում. Իրար հերթ չտալով, հանդիմանելով ռուսներին, ՀԱՊԿ-ին: ՀԱՊԿ-ը ռուսական ռազմական օգնություն ստանալու ձևաչափերից մեկն է միայն, ոչ ղազախի, ոչ ղրղըզի պաշտպանության կարիքը ոչ ունենք, ոչ էլ այնքան միամիտ են եղել մեր նախկին ղեկավարները, որ մտել են այդ կազմակերպություն. Սա ռուսական ռազմական օգնություն ստանալու մի ձևաչափ է: Ճկուն մեխանիզմներ են ստեղծվել՝ տարբեր աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ռուսական ռազմական օգնություն ստանալու համար»:

Դավիթ Ջամալյանը նկատեց՝ թույլ տվեցին Ադրբեջանը մտնի տարածք և հիմնավորվի. «Նիկոլի հիմնավորումը հիշում եք՝ Սև լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չե՞նք սկսելու: Հիմա դու ստիպված ես այդ պատերազմը վարել՝ Երևան-Գորիս մայրուղին հայապատկան պահելու համար: Մի քանի նախազգուշական կրակոց կարող էր կանխել Սև լճի հատվածում այդ ողբերգությունը՝ տարածքի օկուպացիան: Փոխարենը, երեկվա կռիվը ստացանք: Դու առանց կռվի հանձնել ես, թույլ ես տվել ավելի մոտենալ, իսկ հիմա թույլ ես տալիս ամրանալ այդ գրաված բարձունքներում: Տեղի է ունենում հերթական ողբերգական արարներից մեկը: Դուք երկրի բնակչությանը մոլորեցնում եք, խաբում եք, ընդամենը խնդիր ունեք հակառուսական տրամադրությունները բորբոքելու, ընդ որում՝ հակառուսական ամբողջ շարասյունը երեկ գործի էր անցել, անգամ օվկիանոսից այն կողմ երգիչ կա մի հատ, որ հեղափոխություն էր եկել անում, սա էլ էր գրառում արել: Լուլուն, չգիտեմ՝ էլ ով, բոլորը կոչեր էին անում, և հանկարծ Լուլուի կոչերից սթափված՝ Պուտինը երեկոյան նոր որոշեց ընդունել հայկական կողմի զանգը, և շնորհիվ Լուլուի կոչի՝ 18:30-ին նոր կրակը դադարեց: Լուլուի կոչը չլիներ՝ ոչինչ չէր լինելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս