Միակ հայանպաստ հայտարարությունը՝ ԵԺԿ-ից

Եվրոպական Ժողովրդավարական կուսակցությունը խիստ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողություններով: Այս մասին ասված է ԵԺԿ տարածած հայտարարության մեջ։

«Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի խախտումները։

Մենք միանշանակ մերժում ենք ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը՝ որպես տարածաշրջանում քաղաքական նպատակներին հասնելու միջոց։

Մենք ընդգծում ենք ռազմական բախումների կանխարգելման և հետաքննության միջազգային մեխանիզմների ստեղծման կենսական անհրաժեշտությունը՝ ագրեսորի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների իրականացմամբ։

Տարածաշրջանում երկարատև խաղաղությունը հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և բանակցված լուծման միջոցով՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վրա»,- ասված է հայտարարության մեջ։։

Այս հայտարարությունը չափազանց կարևոր նշանակություն ունի հատկապես անցած երկու օրերին գրեթե բոլոր երկրների ու միջազգային կառույցների կողմից տարածվող, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան դնող հայտարարությունների համատեքստում։

Իհարկե, ԵԺԿ հայտարարության մեջ որպես ագրեսոր ուղիղ նշված չէ Ադրբեջանի անունը, սակայն հայտարարության ողջ ոգին ու տրամաբանությունն ուղղված է Ադրբեջանին դատապարտելուն, այդ թվում՝ այն հիմնարար սկզբունքների ու հակամարտության վերջնական կարգավորման շեշտադրմամբ, որոնք մշտապես տորպեդահարվում են Ադրբեջանի կողմից։ Հասկանալի է, որ եվրոպական քաղաքական ընտանիքի ամենամեծ թվով անդամներին միավորող ու ամենաազդեցիկ համարվող ԵԺԿ-ի կողմից նման հայտարարության ընդունումը, հատկապես նման շեշտադրումներով, հնարավոր է դարձել առավելապես ԵԺԿ անդամ Հայաստանի Հանրապետական կուսակցության ջանքերի շնորհիվ։

Ընդ որում, խոսքը ոչ թե պետական լծակների տիրապետող իշխանական կուսակցության, այլ ընդդիմադիր քաղաքական ուժի մասին է։ Սա մի կողմից՝ ուրախացնող է՝ ԵԺԿ-ի մակարդակով նման հայանպաստ հայտարարություն ստանալու տեսանկյունից, մյուս կողմից՝ հերթական անգամ վկայում է հայկական պետության ու ինստիտուտների անգործության, իսկ իրականում՝ տոտալ բացակայության մասին։

Տեսանյութեր

Լրահոս