
Ոստիկանությունը՝ զինվորների համար նախատեսված նվիրատվության արկղիկը թալանելու մասին

«ՀայՓոստ» ընկերության բաժանմունքներից մեկն անցած գիշեր մուտք են գործել դիմակավորված անձինք ու տարել սեղանին դրված արկղիկի մետաղադրամները։
«Տևական ժամանակ է՝ «ՀայՓոստի» բաժանմունքներում հանգանակություն է կազմակերպվում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 1000+ համար:
Այս գիշեր Իշխանասարի մոտ ծավալված ռազմական գործողությունների ֆոնին ինչ-որ… (բառեր չենք գտնում) թալանել են մեր բաժանմունքներից մեկում դրված զինվորների համար նախատեսված նվիրատվության արկղիկը:
Ստորև՝ այդ տխմարների «հերոսական» կադրերը»,- ասված է ընկերության ֆեյսբուքյան էջում։
Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Կայարանում գտնվող «ՀայՓոստի» բաժանմունքներից մեկից։
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը 168․am-ին հայտնեց, որ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։