Ամենավատն այն է, որ ՀՀ-ում գործ ունենք իշխանության հետ, որը վախկոտ է. Գեղամ Նազարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը դեռ չի ավարտվել, և սա ակնհայտ է, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան իրենց խնդիրները դեռ չեն ավարտել:
«Նրանք գտել են այն թույլ տեղը, այն մարմինը, որին պետք է ճնշեն, այսինքն՝ Հայաստանի գործող ղեկավարներին, որովհետև ես հաճախ կրկնել եմ, որ երբ գործ ունենք պարտության դեմքի հետ, այդ ճնշումները շարունակական են լինելու: Նոյեմբերի 16-ին եղավ այն, ինչը պետք է չլիներ և չէր լինի, եթե գոնե նոյեմբերի 9-ից հետո գործող վարչախումբը հասկանար, որ այդ մեծ ողբերգությունից ու պարտությունից հետո մենք մեր երկրի դեմքը պետք է փոխենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին:
Ըստ նրա, աշխարհում միայն Թուրքիան ու Ադրբեջանը չեն, եթե այդպես լիներ, ապա չի բացառում, որ այսօր էլ կկրկնվեր նույն սեպտեմբերի 27-ի սցենարը: Սակայն այսօր շատ երկրների ձեռնտու չէ, որպեսզի Սյունիքը հայտնվի թուրք-ադրբեջանական օկուպացիայի տակ:
«Ադրբեջանն այսօր ավելորդ ոգևորության մեջ է, նոյեմբերի 9-ից հետո հայտնվել է մի վիճակում, երբ ասում է՝ ինչ ուզեմ՝ կանեմ: Մենք ունենք մի վիճակ, երբ Թուրքիայի ղեկավարն իրեն պահում է խուլիգանի նման և հաշվի չի նստում որևէ ընդունված նորմի հետ: Մենք ունենք այս վիճակը, որովհետև գործ ունենք երկու նենգ ու ցինիկ թշնամիների հետ, և ամենավատն այն է, որ այսօր Հայաստանում գործ ունենք մի իշխանության հետ, որը վախկոտ է: Ասում եմ այն, ինչ ինքն ասաց երկու շաբաթ առաջ, երբ բացատրում էր, թե ինչու նախորդ տարի դեկտեմբերին նահանջեցին Սյունիքի դիրքերից, ու ասաց, թե՝ բա որ չնահանջեին ու պատերազմ լինե՞ր: Այդ ամենը մեր թշնամին լավ ֆիքսում է»,- հավելեց պատգամավորը:
Նա նաև տեղեկացրեց, որ երեկ տեղի ունեցած ռազմական ագրեսիայից հետո հայկական կողմի զոհերի, գերիների և վիրավորների թվի վերաբերյալ տեղեկատվություն չունի: Գիտեն միայն այն, ինչ կա պաշտոնական աղբյուրներում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում