![](/banners/BeFunky-design.jpg)
«Արյան պաշարների հետ կապված մենք խնդիրներ չունենք, դրանք համալրված են, պարբերաբար համալրվում են». Անահիտ Ավանեսյան
![](https://168.am/wp-content/uploads/2021/11/Avanesyan-1.jpg)
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամբողջ հանրապետությունում արյան պաշարները հաշվառվում են, և կա արյան բավարար պաշար բոլոր դեպքերի համար: Սակայն ժամանակ առ ժամանակ նաև լինում են հայտարարություններ, որպեսզի քաղաքացիները հանդես գան դոնորությամբ:
«Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը մշտապես նման հայտարարություններ անում է: Կորոնավիրուսի թվի աճի հետ կապված՝ մենք վերջին շրջանում դոնորության նվազում ունենք, ինչը նաև իրենց կողմից ևս մեկ նախազգուշացում է, որ այն քաղաքացիները, որոնք համապատասխանում են այդ չափանիշներին, խնդրում են մոտենալ և հանդես գալ դոնորությամբ: Սակայն արյան պաշարների հետ կապված մենք խնդիրներ չունենք, դրանք համալրված են, պարբերաբար համալրվում են և ընթացիկ բնույթ են կրում»,- նշեց Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով երեկ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությանը՝ արյան դոնորությամբ հանդես գալու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է երեկ Սյունիքում թշնամու ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերին, Անահիտ Ավանեսյանը զոհերի թվի վերաբերյալ տեղեկատվություն չհայտնեց` նշելով, որ պետք է հետևել Պաշտպանության նախարարության հաղորդվող տեղեկատվությանը, ավելին չի կարող ասել:
Լրագրողները Առողջապահության նախարարից նաև հետաքրքրվեցին՝ հայկական կողմը քանի՞ ծանր վիրավոր ունի, ինչի ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանը կրկին հորդորեց հետևել Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններին:
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում շտապօգնության ծառայությանը, Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ Երևանում և մարզերում շտապօգնության ծառայությունը մշտապես գտնվում է մոբիլիզացված վիճակում:
«Երեկ իմ տեղակալը եղել է Սյունիքում, Վայոց ձորում, տեղում իրականացնում ենք կարիքների գնահատում և օպերատիվ կերպով դրանց արձագանքում ենք: Երեկ մեր թիմը եղել է Բարձրավանում, Ճակատենում և այլ համայնքներում, այդ համայնքները կապահովվեն առաջին օգնության բոլոր պարագաներով: Կապանի, Գորիսի բժշկական կենտրոնները կունենան հավելյալ բժշկական ամենագնացներ»,- շեշտեց նա: