«Մեր նորմալ ճանապարհը տվել ենք թշնամուն, ընկել ենք՝ խորդուբորդ ճանապարհներ ենք դզում․ շտապ բուժօգնություն ստանալու խնդիր կա, խախտվել է նաև դպրոցներում դասավանդման գործընթացը». Բարձրավանի գյուղապետ

Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի ղեկավար Օնիկ Ավագյանը բազմիցս բարձրաձայնել է, որ թշնամու իրականացրած գործողությունների և հայկական կողմի անգործության հետևանքով Բարձրավանը և տեղի բնակիչները կտրվում են արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունից:

168.am-ի հետ զրույցում Օնիկ Ավագյանն ասաց, որ ինչ թշնամին մաքսակետ է տեղադրել Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում, իրենք օգտվում են այլընտրանքային ճանապարհից՝ մի քանի անգամ երկարացնելով իրենց ճանապարհը:

«Մեղմ ասած, այդ այլընտրանքային ճանապարհն անմխիթար վիճակում է, հիմա աշխատանքներ են իրականացնում, բայց ես չգիտեմ՝ երբ կավարտեն, ինչ արդյունք կունենանք: Մենք մեր նորմալ ճանապարհը տվել ենք թշնամուն, ընկել ենք խորդուբորդ ճանապարհներ ենք դզում: Այդ ճանապարհը նորմալ ճանապարհ դարձնելու համար տարիներ են պահանջվելու»,- նշեց Օնիկ Ավագյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր բնակիչները կանգնած են շտապ բուժօգնություն ստանալու խնդրի առջև, որը որոշ չափով լուծելու համար գյուղում կա ամենագնաց, որով անհրաժեշտության դեպքում կարողանում են հիվանդին հասցնել մոտակա հիվանդանոց, բայց դրա համար էլ մի քանի ժամ է պահանջվում:

«Այսօրվա դրությամբ պայմանավորվածություն կա, որ Կապանի գլխավոր բժիշկը կեսօրից հետո պետք է գա Բարձրավան, որպեսզի բնակիչների շտապ բուժօգնություն ցուցաբերելու բոլոր հարցերը լուծվեն Կապանի կողմից, այսինքն՝ Կապանը մեզ աջակցություն ցուցաբերի: Այս ամենի հետևանքով խախտվել է նաև դպրոցներում դասավանդման գործընթացը, նորմալ հունով դասապրոցես չի ընթանում: Սահմանապահների հետ ունենք պայմանավորվածություն, որ «Ուրալ» ամենագնաց ավտոներ տան, որպեսզի մարդկանց տանեն Գորիս-Կապան, իրենց առօրյա խնդիրները հոգան և ուսուցիչներին բերեն գյուղ: Ուսուցիչներից շատերը Կապանից ու Գորիսից են գալիս գյուղի դպրոց, հիմա իրենք բողոքում են, որ չեն կարող այդքան ճանապարհ կտրել։ Ավելին՝ ասում են, որ ճանապարհներն իրենց համար վտանգավոր են, որովետև «Ուրալ» մեքենաներով կտրուկ շրջադարձ անելու դեպքում հնարավոր է՝ այդ ճանապարհներից գլորվեն ներքև»,- հավելեց Բարձրավանի գյուղապետը:

Օնիկ Ավագյանի կարծիքով՝ այս պայմաններում հնարավոր չէ երկար ապրել՝ մի կողմից՝ թշնամու սադրանքները, որոնք չգիտեն՝ ինչով կավարտվեն, մյուս կողմից՝ Հայաստանի պատկան մարմինների անգործությունն իսկական աղետի առջև է կանգնեցրել երկիրը:

«Այդ ամենին պետք է դիմակայենք մեր միասնականությամբ, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, որպեսզի կարողանանք պայքարել ներքին ու արտաքին թշնամու դեմ: Հակառակ դեպքում, վաղը տալու են Վայոց ձորը և ճանապարհը շարունակեն դեպի Երևան: Մենք մի անգամ գոնե մեր բռունցքը պետք է ցույց տանք թշնամուն, եթե ցույց չտվեցինք՝ թշնամու այս գործողությունները դեռ երկար են շարունակվելու և ոչ միայն՝ Սյունիքում: Որքան մենք լռում ենք, թուրքն այդքան առաջ է գալիս, որքան թուլանում ենք, թուրքի բռունցքն ավելի ուժեղ է իջնում մեր երկրի վրա»,- եզրափակեց Օնիկ Ավագյանը:

Հիշեցնենք՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշման արդյունքում հայկական զորքեը Սյունիքի մարզում հետ են քաշվել, այս մասին նա հայտարարել է ԱԺ ամբիոնից, մոտ 100-150 կմ, որի արդյունքում թշնամին զբաղեցրել է բոլոր բարենպաստ դիրքերը, որի արդյունքում էլ այսօր բազմաթիվ գյուղեր հայտնվել են թշնամու թիրախում: Այդ որոշման արդյունքում թշնամին օրերս մաքսային կետեր տեղադրեց Կապան-Ճակատեն ճանպարհին և Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում: Ինչպես ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է հայտարարել, այդ հատվածներով ՀՀ քաղաքացիներն անցնելու դեպքում պետք է վճարեն ադրբեջանական կողմին:

Տեսանյութեր

Լրահոս