
Արցախում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպքեր

Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 16-ին կատարվել է 284 թեստավորում, գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպքեր:
Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արձանագրվել է 2 մահ: Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 47-ամյա կին, որի մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ: Մահացած 95-ամյա կնոջ մոտ ևս ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, գրանցվել է նաև սուր շնչական անբավարարություն:
Կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 132 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 54-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20 648 քաղաքացու հետազոտություն, որոնցից 3 294-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: