Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը

Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգության խորհուրդների քարտուղարները մասնակցում են Մոսկվայում մեկնարկած ԱՊՀ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:

«Մոսկվայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 9-րդ ամենամյա հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը…»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է ՌԴ անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 17-ի, ժամը 10։00-ի դրությամբ, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։

Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս