Բաժիններ՝

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը համերգով կնշի Առնո Բաբաջանյանի 100-ամյակը

Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանի առթիվ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում համերգային ծրագիր կկազմակերպվի հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ։

Երեկոն տեղի կունենա նոյեմբերի 18-ին «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» համերգաշարի շրջանակում:

Ելույթներ կունենան դաշնակահար Հայկ Մելիքյանը, սոպրանո Արծվիկ Դեմուրչյանը, դաշնակահար Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը, դաշնակահար Նաիրա Հակոբյանը, Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը` Էդուարդ Թադևոսյան (1-ին ջութակ), Սյուզի Երիցյան (2-րդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյան (ալտ), Անժելա Սարգսյան (թավջութակ): Համերգը կվարի Օլյա Նուրիջանյանը։

Ծրագրում կհնչեն Առնո Բաբաջանյանի կամերային ստեղծագործությունները. «Էքսպրոմտ», «Մեղեդի», «Վաղարշապատի պար», «Էլեգիա դաշնամուրի համար», «Վեց պատկեր դաշնամուրի համար», Վոկալիզ ձայնի և դաշնամուրի համար, Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, Կվարտետ թիվ 3` նվիրված Դմիտրի Շոստակովիչի հիշատակին:

Երեկոյի ընթացքում ներկաները տուն-թանգարանի համերգասրահում կարող են վայելել նաև կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյաններին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը (լուսանկարները` տուն-թանգարանի հավաքածուից)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս