Ինչո՞ւ ԱԽ արտահերթ նիստին ներկա չէր Արմեն Գրիգորյանը

Հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի ֆոնին ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարվեց, որին ներկա չէր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

ԱԽ արտահերթ նիստն անցավ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:

168.am-ը փորձեց կապ հաստատել ԱԽՔ մամլո խոսնակի հետ՝ պարզելու համար, թե ինչու էր ԱԽ քարտուղարը բացակայում ԱԽ արտահերթ նիստից, սակայն մեր փորձերը՝ գտնել որևէ պատասխանատու անձ ԱԽ-ում, ապարդյուն անցան:

Նշենք, սակայն, որ այսօր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարճ հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ նշելով, որ Հայաստանը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն՝ պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը, քանի որ հարձակում է եղել Հայաստանի սուվերեն տարածքի վրա: Նա նշեց, որ գրավոր դիմում ևս լինելու է:

Բացի այդ, այսօր Արմեն Գրիգորյանն ընդունել էր Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների, խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իրանի դեսպանների մասին է:

Տեղեկացնենք, որ ՀՀ ԱԽ հաղորդագրության համաձայն, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի նոյեմբերի 16-17-ը ներառյալ գտնվելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում և մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը: Կարելի է ենթադրել, որ Գրիգորյանը մեկնել է Մոսկվա:

Տեսանյութեր

Լրահոս