Հայաստանից թռնելու ժամանակը

Նոյեմբերի 16-ի առավոտից Սյունիքում փաստացի պատերազմական գործողություններ են ընթանում, կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը դեռևս չի ճշտվել։ Այս պայմաններում աշխատանքային օրվա ավարտին տարածվում է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստեղծված իրավիճակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է, ուշադրությո՛ւն, ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ ընթացքում։

Բայց նույնիսկ դա չէ ամենակարևորը։

Ոչինչ չասող հեռախոսազրույցի մասին պատմող պաշտոնական հաղորդագրության վերջում կա մի հատված, որի համար էլ, ամենայն հավանականությամբ, հրապարակվել է այս տեղեկատվությունը:

Այն է՝  «Նկատի ունենալով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախօրոք ծրագրված մասնակցությունը Սինգապուրում կայանալիք The Bloomberg New Economy միջազգային հեղինակավոր համաժողովին, նպատակահարմար է համարվել, որ Հանրապետության նախագահը, օգտագործելով նաև միջազգային այդ ազդեցիկ հարթակը, համաժողովի շրջանակներում ներկայացնի Հայաստանի սահմաններին ստեղծված մտահոգիչ իրավիճակը, անդրադառնա ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանների ու տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանում անօրինական պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրին: Համաժողովին մասնակցելու են համաշխարհային առաջնորդներ, միջազգային կազմակերպությունների ու կորպորացիաների, ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարներ»:

Հենց այսպես, փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի նախագահը հայտարարում է՝ ես թռա։ Իսկ սինգապուրյան տուրնեի պաշտոնական հիմնավորումն արդեն լիրիկական զեղումների շարքից է։ Աշխարհում ամեն օր անցկացվում են միջոցառումներ, որոնց մասնակցում են տարբեր երկրների նախագահներ, վարչապետներ։ Բայց աշխարհի որևէ այլ երկրի նախագահ պետությունը չի թողնում պատերազմական իրավիճակում՝ այդ միջոցառումներին մասնակցելու ու դրա ենթադրյալ մասնակիցներին կատարվողի մասին տեղեկություններ փոխանցելու համար։ Ամեն առիթով տիեզերագիտության մասին դասախոսություններ կարդացող Արմեն Սարգսյանին դա պետք է որ հայտնի լիներ։ Բայց քանի որ Արմեն Սարգսյանն այդ մասին տեղեկացված չէ և առաջնորդվում է կատարվողի մասին հնարավորինս շատ ազդեցիկ մարդկանց տեղեկացնելու անզուսպ մղումով, կարող  է մասնակցել ոչ միայն նման հեղինակավոր գագաթաժողովների, այլ նաև, ասենք, որևէ համաշխարհային հռչակ ունեցող դերասանի ծննդյան կամ հարսանյաց արարողությանը, որին ներկա են գտնվում աշխարհում ոչ պակաս ազդեցիկ հեղինակավոր սելեբրիթիներ, այդ թվում, օրինակ, Քիմ Քարդաշյանը, ում ծննդյան օրվա առթիվ իր նախագահական շնորհավորանքներն է հղում Արմեն Սարգսյանը։

Այնպես որ, կարելի է կապվել մեր հայրենակցուհու հետ, ճշտել, թե ե՞րբ է  նախատեսված որևէ մոդելի հերթական տատուի հիմնարկեքի արարողությունը, և Սինգապուրից մեկնել ուղիղ այնտեղ՝ աշխարհում ազդեցիկ արտիստներին Հայաստանի սահմաններին կատարվողի մասին իրազեկելու նախագահական նպատակադրումով։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա Արմեն Սարգսյանն այս հաղորդագրությամբ մեծահոգաբար տեղեկացրել է, որ ինքը հեռանում է Հայաստանից և կախված իրադարձությունների զարգացումից՝ կվերադառնա, կամ ոչ։

Ըստ ամենայնի, Արմեն Սարգսյանին նման քայլի դրդել են ոչ միայն Սյունիքում ծավալվող պատերազմական գործողությունները, այլ ստի անգերազանցելի ու ողբերգական խոսափող Արծրուն Հովհաննիսյանի լակոնիկ գրառման սպառնալից տողերը՝ «Գնացի… Հիմա միայն գործի ժամանակն է»։ Արմեն Սարգսյանը, ինչպես և ՀՀ շարքային քաղաքացիները հրաշալի գիտի, թե ինչով է ավարտվում պատմությունը, երբ «գործում» է Արծրուն Հովնաննիսյանը։ Պարզապես, ի տարբերություն ՀՀ քաղաքացիների մեծամասնության, նա ունի թռնելու հնարավորություն։ Առայժմ՝ Սինգապուր։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս