Ո՞ր երկրների առաջնորդների հետ է զրուցել այսօր Նիկոլ Փաշինյանը

Հայ-ադրբեջանական սահմաններին ծավալվող թեժ մարտական գործողությունների ֆոնին ուշագրավ է հետևել Հայաստանի Հանրապետության իշխանությունների նախաձեռնած դիվանագիտական և քաղաքական միջազգային շփումներին:

Որքան էլ տարօրինակ է, սակայն պաշտոնական միակ շփումը ռուսական կողմի հետ մինչ այս պահը եղել է միայն ՀՀ նորանշանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի միջև, թեև ժամեր առաջ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե հայկական կողմը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը երկու երկրների միջև գոյություն ունեցող 1997 թվականի գործող պայմանագրի համաձայն՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով, քանի որ հարձակում է եղել Հայաստանի սուվերեն տարածքի վրա:

Նշենք, որ գրավոր դիմումի մասին իշխանությունները դեռ չեն հաղորդել:

Ի դեպ, Արմեն Գրիգորյանն այսօր նաև հանդիպումներ է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լի Թրեյսիի, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի, ինչպես նաև Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:

ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարություն տարածեց. «Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մեր միջազգային գործընկերներին՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և համանախագահող երկրներին, հստակորեն և հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի այս գործողություններին և գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ»։

Առավել հետաքրքրական է, թե նման իրավիճակում ինչ բարձրաստիճան շփումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանը:

Այսօր հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: «Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Եվրոպական խորհրդի նախագահը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել ռազմական գործողությունների հետագա ծավալումը»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում:

Եվ սա միակ միջազգային հեռախոսազրույցն է, որը Նիկոլ Փաշինյանն ունեցել է այսօր:

Ի դեպ, Միշելը զանգահարել էր նաև Իլհամ Ալիևին:

Մինչ այս պահը՝ ժամը 20։10-ը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը որևէ հեռախոսազանգ չեն նախաձեռնել ռուսական կողմի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների, ԱԳ նախարարների և այլ միջազգային կառույցների, երկրների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի ֆոնին, երբ հայկական կողմն արդեն ունի զոհեր, վիրավորներ, ռազմագերիներ, Հայաստանի միջազգային գործընկերներն իրավիճակին ծանոթանում են դեսպանների մակարդակով և ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս