Թշնամին կրակել է նաև Գեղարքունիքի ուղղությամբ․ Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներին տարհանել են․ տուժածներ չկան
«Այսօր առավոտ շուտ հակառակորդը մի քանի անգամ կրակել է մեր դիրքերի ուղղությամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ կրակոցներն ինտենսիվ չեն եղել, սակայն զինատեսակից չհասկացող մարդն էլ կհասկանար, որ այդ կրակոցները սովորական ավտոմատներից չէին։
«Տնեցիք սկզբում մտածել են, թե պալիգոններում են կրակում, բայց հետո իմացանք, որ թշնամին է․․․ Գիտենք, որ Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներին էլ են տարհանել»,- ասաց մեր զրուցակիցը։
168.am-ը կապ ահստատեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանի հետ, նա հաստատեց Սոթքի բնակչի հայտնած տեղեկությունը․
«Իրավիճակը լարված էր, և մենք հասցրեցինք դադարեցնել Սոթքի հանքավայրի աշխատանքը և տարհանել բոլոր աշխատակիցներին․․․»։
168.am-ի հետ զրույցում կրակոցների մասին ահազանգեցին նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղից, որը գտնվում է անմիջապես Սոթք գյուղի հարևանությամբ․
«Ժամը 16։00-ի սահմաններում կրակեցին օդի մեջ, նաղդի կրակոցների ձայնը կտրվեց, ռուսներն էլ իջան դիրքերից, տեսնենք՝ ինչ կլինի մինչև իրիկուն։ Գիշերն էլ ժամը 1։30-ի հատվածում կրակեցին, էլի դադարեցրին․․․ Ռուսներն առավոտ շուտ էին եկել, քիչ առաջ իջան։ Գյուղի վրա չեն կրակել, միայն դիրքերում՝ օդի մեջ․․․»։
168.am-ը փորձեց կապ հաստատել Կութի գյուղապետի, ինչպես նաև Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։