Ես կողմ եմ, որ պատերազմական իրավիճակ հայտարարենք երկրում, էլ ոնց է լինում պատերազմ․ ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյան

Հիմա Հայաստանին ուրանալը դավաճանություն է, պետք է ողջ հայ ժողովուրդը միաձուլվի, մոռանա ներքին և արտաքին բոլոր տարաձայնությունները, և մենք մեզ պահենք՝ ինչպես պատերազմում։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանը։

Նա նշեց, որ պատերազմը չի ավարտվել, և այսօր մեր ինքնիշխանության հաստատման ամենակարևոր փուլն ենք ապրում։ «Այս դահլիճում մի ազատ աթոռ չպետք է լիներ, ես կարծում եմ, որ քաղաքական իշխանությունը պետք է լուծում գտնի, և ես կողմ եմ, որ պատերազմական իրավիճակ հայտարարենք երկրում, էլ ոնց է լինում պատերազմ»,-ասաց նա։

Վիգեն Խաչատրյանը նշեց, որ եթե անվտանգության բարձիկները՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը չաշխատեն, պետք է հրաժարվենք այդ բարձիկներից, քանի որ մենք ժամանակ չունենք։

«Իրենք են ստանձնել պարտավորություն։ Ռուսաստանի նախագահը ստորագրել է, թող հաշիվ տա իրեն՝ իր ստորագրությունը հարգող կա՞, թե՞ չկա՝ ի դեմս Ադրբեջանի լկտի, ֆաշիստ ղեկավարի»,-ասաց նա և նշեց, որ չի կարծում, թե ճարահատյալ վիճակում ենք։

«Երկու տարի է՝ քաղաքականություն է դրսից պարտադրվում Հայաստանի ներքին ուժերի միջոցով, անկառավարելիության քաոս ստեղծել Հայաստանում, չստացվեց, չի էլ ստացվելու, հիմա ամենավտանգավորը կառավարելիության քաոսն է, որը պետք է բացառենք։ Մեր ժողովուրդը խառնվելու ոչինչ չունի, ծանր իրավիճակ է, բայց սա այն պահն է, երբ հայ ազգը պետք է միավորվի»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս