«Ես իրավասու չեմ հարցազրույց տալ». ԵԿՄ նախագահ
ՀՀ արևելյան սահմանագոտում ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ. տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ՊՆ այս հաղորդագրությունը հաջորդել էր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» հրապարակմանը, թե իրենց տեղեկություններով՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև սկսված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 10 զոհ և 6 վիրավոր, գերեվարվել է 6 զինծառայող, ունենք 2 մարտական դիրքի կորուստ:
«Հայկական ժամանակ» կայքը հստակեցրել էր նաև հատվածը, որտեղ զարգանում են իրադարձությունները՝ Սյունիքի մարզ՝ Ծիծեռնաքար լեռան դիրքերը:
Իրավիճակի վերաբերյալ 168.am-ը փորձեց տեղեկություն ստանալ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանից:
ԵԿՄ նախագահը, սակայն, եղավ հակիրճ․«Ես իրավասու չեմ հարցազրույց տալ»:
Ճշգրտմանը՝ արդյո՞ք ինչ-որ քայլեր ձեռնարկվում են, նա արձագանքեց. «Ես իրավասու չեմ որևէ բան… Ինչ պետք է՝ արվում է մեզ մոտ»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր․«Մենք գյուղերում երկրապահին խնդիր ենք տվել, որ պատրաստ սպասի»: