Բժիշկներն ամեն օր կտեղեկացնեն Սահակաշվիլիի առողջական վիճակի մասին. արդարադատության նախարար
Բժիշկները, որոնք հրավիրվել են Հատուկ ուղղիչ ծառայության կողմից, ամեն օր հասարակության կտեղեկացնեն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի առողջական վիճակի մասին: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն:
Սահակաշվիլին հացադուլ է հայտարարե է 47 օր առաջ եւ առողջական վիճակի պատճառով նոյեմբերի 8-ին տեղափոխվել Ռուսթավ քաղաքի թիվ 12 բանտի Թբիլիսիում գտնվող բուժհաստատություն:
«Հաշվի առնելով հասարակական մեծ հետաքրքրությունը եւ այն փաստը, որ Սահակաշվիլիի առողջական վիճակի մասին ամեն օր նպատակաուղղված ապատեղեկատվություն է տարածվում, բժիշկների խումբն ամեն օր պարզաբանումներ կտա նրա առողջական վիճակի մասին եւ հասարակայնությանը սպառիչ տեղեկատվություն կներկայացվի»,-ասել է Բրեգաձեն:
Նրա խոսքով՝ դա մեկընդմիշտ վերջ կդնի Սահակաշվիլիի առողջական վիճակի մասին տարածվող նպատակաուղղված ապատեղեկատվությանը:
Ինչպես նշել է արդարադատության նախարարը, Ռուսթավ քաղաքի թիվ 12 բանտում եւ թիվ Գլդանի թիվ 18 բանտային հիվանդանոցում գտնվելու ժամանակաշրջանում չի եղել մի դեպք, երբ բանտարկյալին հարկավոր է եղել որակյալ բուժօգնություն եւ դա նրան չի ցուցաբերվել ուղղիչ ծառայության բժիշկների կողմից: Բրեգաձեն ընդգծել է, որ ուղղիչ ծառայությունը կարող է բանտարկյալի առողջական վիճակի հսկողությունն ապահովել ինչպես հացադուլի, այնպես էլ հետհացադուլյան ժամանակաշրջանում:
Արդարադատության նախարարության ղեկավարը նաեւ պարզաբանել է, որ այլեւս չկա բժիշկների կոնսիլիում հրավիրելու անհրաժեշտություն այն բանից հետո, երբ Սահակաշվիլիին տեղափոխել են բանտային հիվանդանոց:
Ինչպես նշել է Բրեգաձեն, եթե ապագայում կոնսիլիումի անհրաժեշտություն առաջանա, ապա այն պարտադիր կհրավիրվի, չնայած այսօր այդպիսի անհրաժեշտություն չկա:
Միեւնույն ժամանակ արդարադատության նախարարը հերթական անգամ Սահակաշվիլիին հորդորել է դադարեցնել հացադուլը: Սահակաշվիլին գաղտնի հատել էր Վրաստանի սահմանը եւ ձերբակալվել հոկտեմբերի 1-ին:
Հայրենիքում նա հեռակա կարգով վեց տարվա բանտարկության էր դատապարտվել երկուական քրեական գործերով: Նրա դեմ եւս երեք գործ գտնվում է հետաքննության փուլում: Նախկին նախագահն իր դեմ բոլոր մեղադրանքները համարում է կեղծ, իսկ իրեն՝ քաղբանտարկյալ, հաղորդել է Sputnik-ը: