ՀԱՊԿ-ից ակնկալում ենք այլ վերաբերմունք, որովհետև պատերազմը տեղափոխվել է ՀՀ սահմանին. Թագուհի Թովմասյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ թշնամին կրակում է հայկական այն դիրքերի ուղղությամբ, որտեղ նախօրեին կրկին դիմել էր սադրանքի:
«Այս ամենը հետաքրքիր է այն առումով, որ տեղի է ունենում Պաշտպանության նախարարի փոփոխության ֆոնին: Մենք գիտենք, որ Սյունիքի մարզում ռուսական ներկայացվածություն կա, և ստացվում է, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները չեն զսպվում անգամ ռուսական կողմի ներկայացվածությունից: Այս ամենն ինձ համար խիստ մտահոգիչ է, և հաշվի առնելով ՀԱՊԿ-ի հետ մեր համագործակցության ձևաչափը, ինչպես նաև ռազմավարական գործընկերության փոխհարաբերությունները, թերևս պետք է ակնկալել այլ վերաբերմունք, որովհետև պատերազմական գործողություններն արդեն տեղափոխվել են ՀՀ սահմանին»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը:
Ըստ նրա, պաշտպանության նախարարի փոփոխությունն, ըստ էության, ոչինչ չտվեց, որովհետև Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ սահմանային իրավիճակի վերլուծության արդյունքում եկել է այն եզրահանգման, որ պետք է ՊՆ-ն հեռանա իր պաշտոնից:
«Մինչդեռ մենք գիտենք, որ Զինված ուժերի հետ կապված ցանկացած գործընթացի պատասխանատուն Գլխավոր շտաբն է, դրա պատասխանատուն Արտակ Դավթյանն է, որը շարունակում է պաշտոնավարել մինչև այս պահը, ինչը տարակուսելի է: Մենք ունենք դիրքային կորուստներ, որն արդեն մի քանի անգամ է արձանագրվում, Արտակ Դավթյանի նշանակումից հետո ունենք ՀՀ տարածքում մխրճումներ, բայց նա շարունակում է պաշտոնավարել, ինչն առնվազն տարօրինակ է»,- հավելեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում