Pfizer-ը Ռուսաստանում COVID-19-ի դեմ նոր պատրաստուկի փորձարկումներ կանցկացնի
Pfizer ամերիկյան դեղագործական ընկերությունն ստացել է «Ռոսզդրավնադզոր»-ի թույլտվությունը՝ COVID-19-ի կանխարգելման նոր պատրաստուկի արդյունավետության կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար:
Այդ մասին գրում է «Վեդոմոստի» թերթը: «Ինգիբիտոր պրոտեազի+ռիտոնավիրը Paxlovid պատրաստուկն է, որն ամերիկյան ընկերության կողմից մշակվել է ինչպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման, այնպես էլ անմիջականորեն հիվանդության ծանր ընթացքով բարձր ու միջին ռիսկի հիվանդների բուժման համար: Դրա փորձարկումները Pfizer-ը կանցկացնի գլոբալ մակարդակով»,-ասվում է հոդվածում: Նոր դեղամիջոցը կհետազոտեն մեծահասակ ռուսաստանցիների շրջանում, որոնք տնային պայմաններում շփում են ունեցել կորոնավիրուսով վարակվածների հետ:
Փորձարկումները կանցկացվեն Մոսկվայի մարզի, Սանկտ Պետերբուրգի, Սմոլենսկի, Բառնաուլի եւ այլ քաղաքների պետական ու մասնավոր կլինիկաներում: Պլանավորվում է, որ դրանց կմասնակցի 90 մարդ: Pfizer-ի ներկայացուցիչը հրատարակությանը պարզաբանել է, որ ամբողջ աշխարհում հետազոտություններին մասնակցում է յոթ հազար մարդ: Եթե ազգային կարգավորիչները հավանություն տան պատրաստուկին, ապա ընկերությունը մտադիր է դրա հասանելիությունն ապահովել այդ բոլոր երկրների շուկաներում:
Pfizer-ը նոր դեղամիջոցի մասին հայտարարել է նոյեմբերի սկզբին: Ինչպես ընկերությունում հայտնել են միջանկյալ անալիզի հիման վրա, Paxlovid-ը նվազեցնում է հոսպիտալացման կամ COVID-19-ից մահվան ռիսկը այն մարդկանց շրջանում, ովքեր ստացել են պատրաստուկը, 28-րդ օրը մահվան ոչ մի դեպք չի եղել այն դեպքում, երբ պլացեբոյի խմբում եղել է մահվան 10 դեպք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: