ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի հետ կապված ամեն վայրկյան սահմանված կարգերը փոխվում են՝ ըստ օրվա տրամադրության

ԱԺ ութերորդ գումարման Ազգային ժողովում խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների տեղաշարժն ԱԺ-ում խիստ սահմանափակ է: Նրանք կարող են միայն մի քանի միջանցքներում աշխատել:

Իշխանական պատգամավորներն իրենց այս քայլը բացատրում էին նրանով, որ լրագրողները պատգամավորի հետևից չպետք է հասնեն մինչև նրա աշխատասենյակի մոտ, քանի որ նրա աշխատասենյակը խիստ անձնական վայր է, թերևս, մոռանալով, որ պետական կառույցի աշխատասենյակը պաշտոնյայի, տվյալ դեպքում՝ պատգամավորի առանձնատան ննջասենյակը չէ, որ համարվի խիստ անձնական վայր:

Արդեն մի քանի ամիս է՝ ԱԺ միջանցքներում հսկում են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ, որոնք լրագրողներին արգելում են «օրենքով չսահմանված» տեղերով տեղաշարժը:

Այսօր 168.am-ը ԱԺ-ում պետք է հարցազրույց անցկացներ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ: Պատգամավորն առաջարկեց հարցազրույց անցկացնել իր աշխատասենյակում, որպեսզի աղմուկ չլինի, սակայն անվտանգության աշխատակիցը չթույլատրեց:

Երբ պատգամավորն ասաց, որ եթե ինքն է ցանկանում, ապա կարող է լրագրողին հրավիրել իր աշխատասենյակ և անցկացնել հարցազրույց, հետևաբար՝ պետք է խոչընդոտներ չլինեն, անվտանգության աշխատակիցն ասաց, որ մեկ րոպե սպասենք՝ մինչև վերադասից ճշտի:

Մի քանի րոպե անց նա տեղեկացրեց, որ պատգամավորի աշխատասենյակ գնալու համար պետք է դիմել ԱԺ աշխատակազմին, եթե աշխատակազմը թույլ տա, ապա պատգամավորը կարող է լրագրողին իր աշխատասենյակ հրավիրել:

Մինչդեռ որոշ ժամանակ առաջ, եթե պատգամավորը համաձայն էր, ապա լրագրողը կարող էր նրանից հարցազրույց վերցնել նրա իսկ աշխատասենյակում:

Ստացվում է, որ լրագրողների աշխատանքի հետ կապված՝ ամեն օր ԱԺ-ում կարգեր են փոխվում:

Տեսանյութեր

Լրահոս