Google-ը, Facebook-ը և այլ ընկերություններ էլեկտրոնային ծառայություն մատուցելու համար հարկ կվճարեն
Հայաստանում ներդրվում է էլեկտրոնային ծառայությունների ԱԱՀ-ի հարկման նոր համակարգ։ Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Ռուստամ Բադասյանը նշեց, որ օրինագիծը բազմիցս քննարկվել է տարբեր հարթակներում։
«Ֆիզիկական անձանց կյանքում որևէ բան չի փոխվում։ Որևէ հավելյալ հարկային բեռ ֆիզիկական անձինք չեն կրում, այլ էլեկտրոնային հարթակի միջոցով ոչ ռեզիդենտ խոշոր կորպորացիաները, ինչպիսիք են, օրինակ, Google-ը և Facebook-ը, հնարավորություն են ստանում գրանցվել հարկային մարմնի կայքում և եռամսյակի կտրվածքով հաշվարկել ու վճարել ավելացված արժեքի հարկը բոլոր այն ծառայությունների մասով, որոնք մատուցվում են ֆիզիկական անձանց»,- ասաց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահը։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ծառայությունների ցանկը սահմանվելու է կառավարության որոշմամբ։
«Դրանք կարող են լինել գովազդային ծառայություններ օնլայն հարթակում, էլեկտրոնային գրքեր, ֆիլմեր, շտեմարանների հասանելիության ապահովում կամ էլեկտրոնային ծրագրերի օգտագործման հետ կապված տարբեր ծառայություններ»,- եզրափակեց Բադասյանը։