Մութ պատճառներ կան. Սեյրան Օհանյանը՝ Արշակ Կարապետյանի պաշտոնանկության մասին
«Կադրային քաղաքականության մեջ արագ փոփոխություններն ինքնին խնդիր են, և դա պատերազմի ժամանակ հիմնական խնդիրներից է եղել կառավարման համակարգում բացթողումների»,- ԱԺ-ում հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք 1 տարում պաշտպանության 4 նախարարի փոփոխությունը բանակում խնդիրների պատճառ չի դառնա:
Պաշտպանության նախկին նախարարը նաև հավելեց, որ ՊՆ, ԳՇ պետի, ՊԲ հրամանատարի միաժամանակյա փոփոխություններն ազդում են ոչ միայն մարտական գործողությունների ժամանակ ռազմական կառավարման համակարգի վրա, այլև ստեղծում պաշտոնին տիրապետելու խնդիրներ.
«Երբ երկու պաշտոնատար անձ միաժամանակ փոխվում են, նրանց համար նոր է այդ համակարգը, որքան էլ որ մարդիկ կարող են նույն համակարգի մեջ լինել: Բայց, այնուամենայնիվ, պաշտոնին տիրապետելը, արագ որոշումներ ընդունելը՝ մանավանդ զինված ուժերի կիրառման հետ կապված խնդիրներին արագ տիրապետելը, խնդիր է»:
Նա հիշեցրեց, որ ՊՆ պաշտոնը քաղաքական պաշտոն է, իսկ ԳՇ պետի պաշտոնը՝ զինվորական, մինչդեռ այս փոփոխություններով նաև քաղաքականացվում է այդ պաշտոնը:
«Այս առումով պետք է այսօրվա իշխանություններին հարց տանք՝ որո՞նք են պատճառները, որ դուք անընդհատ փոխում եք ԶՈՒ ղեկավարությանը:
Ներկայացնել հանրությանը, շնորհակալություն հայտնել ծառայության համար, բայց միևնույն ժամանակ փոխել՝ առանց ասելու պատճառները, խոսում է այն մասին, որ ինչ-որ մութ պահեր կան, որ չեն ուզում մեր հանրությանը ներկայացնել»,- հավելեց Սեյրան Օհանյանը: