Քրդերեն երգի պատճառով Թուրքիայում համերգ է չեղյալ հայտարարվել
Քուրդ արվեստագետ, երգիչ Մեմ Արարատը հայտարարել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 4-ին Անկարայի Նեշեթ Էրթաշ մշակութային կենտրոնի դահլիճում կայանալիք իր համերգը չեղյալ է հայտարարվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արարատը սոցցանցի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ Անկարայի Քեչիորենի թաղապետարանի աշխատակիցը զանգահարել է համերգի պատասխանատու «Զիզ մյուզիք» ընկերությանը և տեղեկացրել, որ թույլ չեն տալիս կազմակերպել համերգը, քանի որ դրա ընթացքում քրդերեն երգ է հնչելու։
«Անշուշտ, սա ատելության հանցագործություն է։ Քրդերենի դեմ ուղղված այս ատելության հանցանքը գործելու համար դատապարտում եմ Քեչիորենի թաղապետարանին։ Դե որ այդպես է, մենք շարունակելու ենք միահամուռ կերպով երգել մեր երգերը՝ այն էլ բոլոր բարբառներով և խոսվածքներով»,- շեշտել է քուրդ արվեստագետը։