
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև կայուն հարաբերությունները կարեւոր են ամբողջ աշխարհի համար. Ճապոնիայի ԱԳՆ

Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ կայուն հարաբերությունները կարեւոր են ամբողջ միջազգային հանրակցության համար: Նոյեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարարության ղեկավար Յոսիմասա Հայասին։
«Ամերիկա-չինական կայուն հարաբերությունները չափազանց կարեւոր են ամբողջ միջազգային հանրակցության համար»,- նշել է նա՝ պատասխանելով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի միջեւ կայացած առցանց բանակցությունները մեկնաբանելու՝ լրագրողների խնդրանքին:
Միեւնույն ժամանակ նախարարը ձեռնպահ է մնացել հետագա մեկնաբանություններից՝ հավելելով, որ Ճապոնիայի կառավարությունն ուշադրությամբ կհետեւի Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ հարաբերությունների զարգացմանը: Նոյեմբերի 15-ին կայացել են ԱՄՆ-ի եւ Չինաստանի ղեկավարների առցանց բանակցությունները. դա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն է 2021 թվականի հունվարին Ջո Բայդենի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր: Ավելի վաղ պետությունների ղեկավարները փոխանակել են ուղերձներ եւ հեռախոսազանգեր: Բայդենի եւ Սի Ծինպինի միջեւ վերջին հեռախոսազրույցը կայացել է սեպտեմբերի 10-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: