Նիկոլին մերժելու գործընթացը սկսված է 

Կապանի քաղաքապետի ընտրություններում «Շանթ» դաշինքի ու գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի իրապես ջախջախիչ հաղթանակը երկրում կատարվող խորքային գործընթացների կարևոր ցուցիչ է։ Փարսյանի հաղթանակը, որը հաջորդեց Գորիսում կալանավորված Առուշ Առուշանյանի հաղթանակին, առաջին հերթին վկայում է գործող իշխանության ու նախ և առաջ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հասարակության վերաբերմունքի արմատական փոփոխության մասին։

Հայաստանը մերժում է Նիկոլ Փաշինյանին, և ճակատագրական խորհրդանշականությամբ այդ մերժումը սկսվում է Սյունիքից, որը նրա պատճառով հայտնվել է գոյաբանական սպառնալիքի առաջ։ Նիկոլ Փաշինյանը կորցնում է իր իշխանության գլխավոր հենասյունը՝ պոպուլիզմին հավատացող մարդկանց։ Առանց պոպուլիզմի Նիկոլ Փաշինյանը ոչինչ է, և հիմա լայն իմաստով տեղի է ունենում նրա իշխանության գաղափարական հենք հանդիսացող ապագաղափարական շղարշի՝ պոպուլիզմի ջախջախումը պետության տարբեր հատվածներում։ Սա շատ ավելի վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի համար, քան առանձին վերցրած որևէ քաղաքում կամ համայնքում քաղաքապետի պաշտոնի կորուստը, որովհետև սկսված այս գործընթացը կարող է հանգեցնել նրա սեփական իշխանության կորստին։

Գորիսի ու Կապանի նախադեպերը Երևան տեղափոխելու խնդիրը մեծ հաշվով ժամանակի հարց է, թեև դա, իհարկե, պահանջում է լրջագույն քաղաքական աշխատանք, որն այս պահի ընդդիմությունը դեռևս չի կարողանում իրականացնել։ Դա ևս ունի խորքային, մեթոդաբանական, գուցե անգամ գաղափարաբանական պատճառ։ Հայաստանի քաղաքական կյանքը, չնայած ճգնաժամին ու աննախադեպ իրողություններին, դեռևս ընթանում է ստանդարտ քաղաքական կաղապարների շրջանակներում։ Այն դեպքում, երբ կոնկրետ Սյունիքի ընտրությունները ցույց տվեցին, որ այդ ստերեոտիպերն արդեն անցյալում են։

Խոսքը, մասնավորապես, այն մեխանիկական մտածողության մասին է, որ Երևանում կենտրոնացած քաղաքական ուժերն են օրակարգ թելադրում մարզերում ու տեղական նշանակության գործընթացներում։ Սյունիքը ցույց տվեց ճիշտ հակառակը․ այլևս մարզային, տեղական նշանակության գործընթացները դոմինանտ են դարձել մայրաքաղաքի գլամուրային քաղաքական-հասարակական կյանքի նկատմամբ։ Սա լրջագույն մեթոդաբանական փոփոխություն է, առանց որին ադապտացվելու՝ քաղաքականությամբ զբաղվողները չեն կարող էական հաջողությունների հասնել։

Իսկ դա նշանակում է, որ այլևս ոչ թե քաղաքականությունը պետք է ընտրությունից ընտրություն Երևանից մարզեր տանել, այլ հակառակը՝ այն անհրաժեշտ է մարզերից բերել Երևան՝ կումուլյատիվ քաղաքական էֆեկտ ապահովելու համար։ Ասվածի լավագույն վկայությունը հենց նույն օրը Իջևանում ու Ստեփանավանում կայացած ընտրություններն են, որոնցում հաղթեց Նիկոլ Փաշինյանը։ Այն պարզ պատճառով, որ երևանյան քաղաքական բոմոնդն ընդամենը գաստրոլներով գտնվում էր այդ համայնքներում, իսկ դրանցում չկային տեղական առանձնահատկություններով կոփված այնպիսի գործիչներ, որոնք կարող էին իշխանության նկատմամբ փոփոխվող վերաբերմունքը վերածել կոնկրետ քաղաքական արդյունքի։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս