«Այդ «կրուտիտը» բավականին լավ ազդում է մեր ժողովրդի վրա, մարդկանց խաբում են». Գառնիկ Դավթյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների տրամադրած ոչ ճշմարիտ տեղեկատվության արդյունքում ինֆորմացիոն դաշտը լցվում է ադրբեջանական տեղեկատվությամբ:
«2018թ. հետո տպավորություն ստեղծվեց, թե ամեն ինչ թափանցիկ է լինելու, ժողովրդին հաշվետու են լինելու, մարդկանց համոզեցին, որ ավելի բաց են լինելու, քան նախորդ իշխանությունները, բայց փաստացի այսօր իրենք ավելի փակ են և, մեղմ ասած, ոչ ճիշտ տեղեկատվություն են տրամադրում, դրա համար ադրբեջանական տեղեկատվությունն այսօր ավելի հասանելի է: Եթե համեմատենք Ադրբեջանից եկող տեղեկատվությունը մեր պետական տեղեկատվության հետ, կարելի է ասել՝ ադրբեջանական տեղեկատվության 60-70 տոկոսն ավելի ճիշտ է, քան մեր պետական կողմից արված որևէ հայտարարություն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Գառնիկ Դավթյանի խոսքով՝ այսօրվա սահմանային առաջխաղացմամբ թշնամին փորձում է ավելի ամրանալ դիրքերում, երկրորդ՝ դա նաև միջանցքային տրամաբանության շրջանակում է. «Անընդհատ անցակետեր են տեղադրում և փորձում են տեսանելի ճնշում գործադրել այդտեղի բնակչության վրա, երկրորդ՝ միջանցքային տրամադրություններ են, որ փորձում են տարբեր սադրանքների միջոցով ստիպել, որ մեր իշխանություններն էլ ասեն՝ եթե միջանցք չտայինք, պատերազմ կսկսվեր: Կներեք, բայց այդ «կրուտիտը» բավականին լավ ազդում է մեր ժողովրդի վրա, մարդկանց խաբում, ասում են՝ դե, եթե չտայինք, միջանցքային տրամադրություն կլիներ: Ես չեմ բացառում, որ այդ հատվածում 2-3 կմ տվել են թշնամուն, որ միջանցքային տրամադրություն կամ պատերազմ չլինի, այսինքն՝ իշխանության կողմից արվող բոլոր քայլերը խոսում են այն մասին, որ այս իշխանությունը առնվազն չի ծառայում ՀՀ քաղաքացիների շահերին, երկրորդ՝ ծառայում է թուրք-ադրբեջանական շահերին: Ես չեմ տեսնում ի շահ Հայաստանի որևէ քայլ»:
Փորձագետն ընդգծեց՝ այս իրավիճակի առաջին մեղավորը ՀՀ իշխանություններն են. «Նրանք չունեն վճռականություն՝ սահմանների անվտանգությունը պաշտպանելու, առավել ևս՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու: Ստացվում է, որ փաստացի կատարվում է սահմանագծում և սահմանազատում՝ ժողովրդին խաբելով, թե ոչինչ չի արվում, դեռ բանակցություններ են ընթանում»:
Գառնիկ Դավթյանի տպավորությամբ՝ կատարվում է հետևյալը. «Բանակը քանդել, հետո մեղքը գցել ռուսների վրա, հետո ամբողջ Հայաստանը տալ կամ թուրքերին, կամ ադրբեջանցիներին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում