Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով Իրանում է
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իրանցի իր գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով պաշտոնական այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թեհրանում Աբդոլլահիանի հետ ունեցած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Իրանի հետ ցանկանում է զարգացնել հարաբերությունները և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային մակարդակում։ Չավուշօղլուն նշել է, որ երկու երկրների միջև քննարկվում են բազմաթիվ պայմանագրեր, որոնց ստորագրմամբ ամրապնդվելու է երկկողմ հարաբերությունների իրավական հիմքը։
«Քննարկել ենք այնպիսի հարցեր, ինչպիսիք են ահաբեկչությունը, ապօրինի միգրացիան, մարդկանց թրաֆիքինգը։ Ցանկանում ենք ամրապնդել մեր համերաշխությունն այս հարցում։ Ցավոք, համավարակի պատճառով լուրջ անկում է եղել երկկողմ առևտրաշրջանառության ոլորտում։ Սակայն այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ, 9 ամսում 71 տոկոսանոց աճ կա։ Այս աճն ուրախալի է, բայց մենք դեռ հեռու ենք մեր նպատակներից»,-ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։
Չավուշօղլուն շեշտել է, որ Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները սխալ են։ Նրա ընդգծմամբ՝ թուրքական կողմը կարծում է, որ պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը կրկին գործածելի դարձնելու ուղղությամբ։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաև, որ հանդիպման ժամանակ Ադոլլահիանի հետ քննարկել են Սիրիային և Աֆղանստանին վերաբերող հարցեր։ Շեշտել է, որ Թուրքիան Սիրիայում շարունակելու է Իրանի հետ համագործակցությունն Աստանայի ձևաչափով և պատրաստ է նաև գործակցել Աֆղանստանում իրավիճակը կայունացնելու հարցում։