Նիկոլ Փաշինյանը գնում է Իջևան` իր հայրական տուն, ոստիկանության ողջ ներքին զորքը հետը գնում է. Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը համոզված է՝ ԱԺ ընտրություններով ներքաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլ ավելի է խորացել, քանի որ ԱԺ-ի ֆունկցիոնալությունը 0-ական վիճակում է: Որպես ասվածի հավաստում՝ նա հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյան բազմաթիվ փորձերից հետո դեռևս չի ընտրվում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ կա պատկերացում, որ այսքանից հետո իշխանությունն ուժեղանում է, իսկ թե ինչ է տեղի ունենում իրականում՝ պարզաբանեց. «Ուժային բոլոր նախարարություններում իշխանությունը հասել է այն վիճակին, որն իրեն ամենաշատն է դուր գալիս, դա կոչվում է «բարդակ» :
Որևէ ուժային կառույցում այսօր չկա ինստիտուցիոնալ հիշողություն, որից տրամաբանորեն բխելու էր՝ կալանավորել այն մարդուն, որը նստած է վարչապետի պաշտոնում, կամ անգամ՝ գնդակահարել այդ մարդուն: Եվ այդ կառույցները ողնաշարազերծված են և այսօր ամբողջությամբ ենթարկվում են իրեն»:
Նիկոլ Փաշինյանի խնդիրը բանախոսը ձևակերպում է հակիրճ՝ կոնսոլիդացնել ուժային աղբյուրները՝ հանուն սեփական իշխանությունը պահպանելու. «Եռապատկվել է Նիկոլ Փաշինյանի թիկնազորը, նոր զրահապատ մեքենաներ են գնվել, ավելացվում է ոչ միայն թիկնազորի թիվը, այլև այդ թիկնազորի լրակազմը. նոր զենքեր են ստանում, և այլն… նրա տեղաշարժը հսկում են արդեն ոչ թե՝ 1000, այլ՝ 4000 ոստիկան:
Նիկոլ Փաշինյանը գնում է Իջևան՝ իր հայրական տուն, ոստիկանության ողջ ներքին զորքը հետը գնում է այնտեղ: Եթե ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, Ն. Փաշինյանը չունի որևէ քաղաքական խնդիր, ինչի՞ց է վախենում, ինչո՞ւ է այսքան խայտառակ ձևով…
Հասել է այնտեղ, որ արդեն ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովը, որոնք 3-4 տարի լռել են (էդ մարդիկ թողել են, որ դատարաններից դատավորներ դուրս շպրտվեն, դատարաններ շրջափակվեն, որ հարյուրավոր մարդիկ տարվեն ոստիկանություն, բռնության ենթարկվեն), այսօր ասել են՝ այդքան ոստիկան մի՛ տարեք ցույցերին. դա անընդունելի է»:
Անդրադառնալով հանցագործությունների աճին՝ նա ասաց. «Պարեկային ծառայությունը դանիելիոննիսյաններ են դարձել: Ոչ մի վերահսկողություն չկա, և դրան զուգահեռ՝ խայտառակ գնաճն ունենք: Չկա աշխատավարձի բարձրացում, կան այս աստիճանի թանկացումներ:
Ոչ մի իշխանության օրոք նման բան տեղի չի ունեցել Հայաստանում. սա անիշխանության ամենալավ օրինակն է: Այս մարդիկ ո՛չ ներքին անվտանգությունն են կարողանում ապահովել, ոչ արտաքին: Այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պոտենցիալ փողոցում սպանվելու ենթակա է դարձել:
Մենք բոլոր ոլորտներում տոտալ տապալումներ ունենք. մեր էկոնոմիկայի նախարարը menu.am-ի առաքիչն է, հասկանո՞ւմ եք»:
«Պետությունը բոլոր ոլորտներում տապալված վիճակում չի կարողանում աշխատել: Այս պետությունն աշխատում է մի բանի համար՝ գերագույն գլխավոր դավաճանի անվտանգությունն ապահովելու և նրա իշխանության շարունակականությունը երկարացնելու համար, մյուս մասը՝ կրիմինոգեն վիճակ է»,- եզրափակեց Նարեկ Սամսոնյանը: