Հերթն Արտակ Դավթյանինն է

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբ պետ Արտակ Դավթյանին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով, սակայն խափանման միջոց չի ընտրվել։

Նշենք, որ «անորակ հրթիռների» գործով են անցնում ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

Ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով կալանավորված են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ)։

Ավելի վաղ մամուլում հրապարակումներ էին եղել, որ  ԱԱԾ-ն Արտակ Դավթյանին  հարցաքննել է Դավիթ Գալստյանին առաջադրված մեկ այլ մեղադրանքի շրջանակում, երբ ըստ ԱԱԾ-ի՝ բանակին մատակարարվել էր 1977թ. չեխական արտադրության հրանոթի արկեր, որոնց կիրառման դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։ Ավելի ուշ, իհարկե, Գալստյանի պաշտպանները հասել էին նրան, որ փորձաքննություն էր նշանակվել,  արդյունքում՝ հօդս են  ցնդել  մեղադրանքում նշված բոլոր կասկածները, պնդումները:

Ի դեպ, այս գործով Hraparak.amին տված հարցազրույցում Արտակ Դավթյանն ասել էր.

«Եթե իմ վախտով է եղել, միանշանակ տեղյակ եմ, այո, եթե իմ վախտով չի եղել, կդժվարանամ պատասխանել։ Դրա համար ասացի, եթե Դուք ամսով նշեիք, որովհետև նման գործընթաց եղել է միշտ՝ ինձանից առաջ, իմ ժամանակ, հույս ունեմ՝ ինձանից հետո, և ուզում եմ շեշտել, որ իմ ժամանակ նման միջոցների ներկրումն էնքան շատ է եղել, որ նախկինում չենք ունեցել, դրա համար կոնկրետ Ձեր ասած էդ 1000 հատի հետ կապված նշելը ճիշտ չի, որովհետև հարյուր հազար հատերի մասին ենք խոսում, հազար հատի մասին հիշել առանձին դրվագով՝ մի քիչ դժվար է։ Իսկ եթե իմ վախտով է եղել,  ընդունվել է։ Ես ասեմ՝ կա ստանդարտ գործընթաց, հանձնաժողովը ընդունում է դրանք, փորձարկում են, և եթե մասնագետները ընդունել են, ուրեմն խնդիրներ չեն եղել»:

168.am-ի հետ հարցազրույցում էլ Արտակ Դավթյանը անդրադարձել էր զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) հետ համագործակցությանը, առհասարակ, նրա գործունեությանը, այդ թվում՝ տեղական ռազմական նշանակության ապրանքը դուրս հանելու մասով:

«Շուկա գրավելը շատ բարդ է, եթե մեզ հաջողվի մտնել շուկա, դա կարելի է համարել հաղթանակ: Ժամանակին մենք որոշակի քայլեր կատարեցինք, մասնավորապես, Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո.- Մ.Պ.) հետ պայմանավորվել էինք, որպեսզի ինքն օգտագործի իր արտասահմանյան գրասենյակների կարողությունները մեր արտադրանքներն արտահանելու, դրանք գովազդելու, միջազգային շուկա մտնելու համար: Թե հիմա ինչպես կստացվի, ես չգիտեմ, բայց այն ժամանակ մենք ակտիվ աշխատում էինք այդ ուղղությամբ, որովհետև Դավիթ Գալստյանի կարողությունները, կապերը և այս բիզնեսի մեջ լինելը չօգտագործելը ճիշտ չէր լինի, և մենք փորձեցինք դա օգտագործել, ուղղակի մնաց կիսատ»,- ասել էր Դավթյանը:

«Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում 2020-ի նոյեմբերի 20-ին, երբ դեռ ԳՇ պետ չէր, Արտակ Դավթյանը ևս պնդել էր, որ Գալստյանի մատակարարած զինամթերքի հետ կապված որևէ խնդիր չի եղել:

«Եթե վերաբերում է մեկ անգամ գնած փամփուշտների որակին, դա համարում եմ նորմալ երևույթ: Մենք մինչև չենք ստուգում, բոլորը չենք փորձարկում, ԶՈՒ պահեստ չի մուտքագրվում՝ անկախ նրանից, թե ով է բերել»,-շեշտել էր Դավթյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս