
Մեր գյուղից Կապան 36 կմ էր, իսկ այլընտրանքային ճանապարհով՝ 150-160 կմ. Կառավարությունը պիտի հաշվի առներ բնակիչների շահերը, դեպի Կապան միակ ճանապարհը Մեղրիինն է․ Ներքին Հանդի գյուղապետ. tert.am

Այս պահին Մեղրի, Քաջարան, Կապան միայն այս ճանապարհով կարող ենք տեղաշարժվել, այլ ճանապարհ չունենք։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունքի մարզի Ներքին Հանդ համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը`խոսելով Կապան-Ճակատեն ճանապարհին տեղայակված ադրբեջանական մաքսակետի և առաջարկվող այլընտրանքային ճանապարհի մասին:
«Մեր գյուղից Կապան 36 կմ էր, իսկ այլընտրանքայինը, որ Մեղրիով գնանք, 150-160 կմ է։ Անտառամիջյան ճանապարհ կա, որը չի գործում, 90-ական թվականներին գործում էր, բայց դրանից հետո չէր օգտագործվում, պիտի նորոգեն»,-ասաց նա։
Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ պայմանավորվածություններ կան, որ հացը ժամը 19։00-ին են բերելու գյուղ, մնացած հարցերի լուծումները դեռ քննարկվում են։
«Թշնամին անցակետը բերել, դրել է, բայց մեր կառավարությունը բնակիչների շահերը պիտի հաշվի առներ։ Այս պահին այս իրավիճակն է, այսպիսի հարցեր են»,-ասաց նա։