Բաժիններ՝

Կրկին ակտիվացել են որոշ շրջանակներ, որոնք գուժում են աշխարհի վախճանի և Տիրոջ երկրորդ գալստյան մասին․ Տ․ Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյան

Կրկին ակտիվացել են որոշ շրջանակներ, որոնք գուժում են աշխարհի վախճանի և Տիրոջ երկրորդ գալստյան մասին։ Բնականաբար, նման քարոզությունը շատերի մոտ վախ և խուճապ է առաջացնում՝ երբեմն էլ զարկ տալով նրանց վառ երևակայությանը։ Ի՞նչ պետք է իմանա ուղղափառ հավատք ունեցող քրիստոնյան, և ի՞նչ է այս մասին մեզ Սուրբ Գիրքն ասում։

✅ Քրիստոնյայի պարտքն է ամեն ժամ պատրաստ լինել երկրորդ գալստյանը, որի մասին խոսում են նաև սուրբ հայրերը, երբ խորհուրդ են տալիս ամեն օրն ապրել, ինչպես վերջին օրը: Տիրոջ երկրորդ գալստյան և դատաստանի մասին մտածումները պիտի խթան հանդիսանան, որ մենք առաջին հերթին մտածենք մեր ապրած կյանքի մասին․ ի՞նչ կյանք ենք վարում, ինչպիսի՞ արժեքներով ենք իմաստավորում կամ փչացնում աստվածապարգև կյանքը: Չէ՞ որ քրիստոնեական վարդապետության տեսանկյունից երկրային և ժամանակավոր այս կյանքը նախապատրաստությունն է երկնայինին:

✅ Իրականում քրիստոնյայի համար կարևորը ոչ թե ապրած տարիների քանակն է, այլ որակը: Քանի որ կարող ես երկար ապրել, բայց առանց աստվածճանաչողության ու Աստծո, և հակառակը` կարճ, սակայն իմաստավորված Տիրոջով: Ուստի մենք ամեն ինչ պետք է անենք մյուս կյանքում` հավիտենականում ապրելու համար: Բայց շատերի ապրելակերպը ճիշտ հակառակն է ցույց տալիս` ամեն ինչ անում ենք այս երկրային կյանքն ապրելու համար, որի վկայությունն է նաև ժողովրդական խոսքը. «Մարդ մեկ անգամ է ծնվում, ուստի ամեն ինչ էլ պետք է անի և փորձի»: Ինքներս մեզ հարց տանք` ի՞նչ ենք անում, որ Տիրոջ երկրորդ գալստյան ժամանակ պարզերես կանգնենք նրա առաջ և հենց Նրանից լսենք այնքան բաղձալի խոսքերը. «Ապրե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ. մտի՛ր քո Տիրոջ ուրախության մեջ» (Մատթ. 25. 21):

✅ Տիրոջ երկրորդ գալուստը տարբերվելու է առաջինից: Եթե առաջին գալստյան ժամանակ Հիսուս մարդկության փրկության համար աշխարհ եկավ «ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով և մարդու կերպարանքով խոնարհեցրեց Ինքն իրեն» (Փիլ. 2. 7), ապա երկրորդ գալստյանն արդեն գալու է Իր ամբողջական փառքով և հրեշտակների բյուրավոր բանակների ուղեկցությամբ` նստելու փառքի գահին և դատաստան անելու: Երկրորդ գալստին Հիսուս արդեն գալու է ոչ թե դատապարտվելու մարդկանց կողմից, այլ դատելու նրանց` իբրև արդար Դատավոր, որին հնարավոր չէ կաշառել և խաբել:

✅ Դարերի ընթացքում մարդիկ մշտապես սպասել են Տիրոջ երկրորդ գալստյանը, անգամ որոշակի ժամանակներ սահմանել և սխալվել: Թե ե´րբ է լինելու աշխարհի վախճանը, ոչ ոք չգիտե: Այս մասին Հիսուս հստակ ասում է. «Բայց այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտե. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթ. 24. 36, Մարկ. 13. 32)։ Բայց Ավետարանը նաև պատգամում է մեզ միշտ արթուն լինել և աղոթել. «Զգո´ւյշ եղեք, հսկեցե´ք ու աղոթեցե´ք, քանի որ չգիտեք, թէ ե´րբ է ժամանակը:… Բայց ինչ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում` արթո´ւն կացեք» (Մարկ. 13. 33, 37): Ուստի եթե մեկը խոսում է Տիրոջ երկրորդ գալստյան ժամանակի մասին, ապա իմացեք, որ շառլատան է։

Շարունակելի․․․․

այս թեմայով ևս երկու գրառում է լինելու։
Տ․ Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս