ՀԱՊԿ-ն նոյեմբերի 17-19-ին հատուկ նշանակության ուժերի վարժանքներ կանցկացնի Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նոյեմբերի 17-19-ին Տաջիկստանում կանցկացնի հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2021» վարժանքները: Այդ մասին նոյեմբերի 15-ին հաղորդել է Կենտրոնական ռազմական օկրուգը (ԿՌՕ):
«Վարժանքները նոյեմբերի 17-19-ին կանցկացվեն Տաջիկստանի Հանրապետության «Ֆահրաբադ» զինափորձարանում: Ռուսաստանի զորակազմը վարժանքներում ներկայացված է ԿՌՕ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումների եւ 201-րդ ռազմաբազայի հետախուզական գումարտակի զինծառայողներով»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ընդամենը վարժանքներին ռուսական կողմից գործի կդրվի մոտավորապես 60 զինծառայող եւ տասը միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 201-րդ ռազմաբազայի ավիախմբի Մի-8ՄՏՎ5-1 երկու ուղղաթիռ, հաղորդել են օկրուգում:
Ռուսաստանցի զինվորականների խոսքով, զորաշարժերի ակտիվ փուլում կկատարելագործվի զինյալների կողմից պայմանականորեն նվաճված շենքի շրջափակման եւ գրոհի գործողության անցկացումը՝ հետախուզության տեխնիկական միջոցների եւ ուղղաթիռների կիրառմամբ:
ԿՌՕ-ի տվյալներով՝ «Կոբալտ-2021» վարժանքներին, բացի Ռուսաստանից, կմասնակցեն ՀԱՊԿ-ի երկրներից Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի օպերատիվ հակազդման կոլեկտիվ ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ներքին գործերի մարմինների, պետանվտանգության, նախարարությունների եւ արտակարգ իրավիճակների ու թմրանյութերի վերահսկողության գերատեսչությունների կազմավորումները:
Վարժանքների նպատակը հավաքական անվտանգության տարածաշրջաններում համատեղ եւ օպերատիվ-մարտական միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման օպերատիվության բարձրացումն է: Տաջիկստանում տեղաբաշխված 201-րդ ռազմաբազան Ռուսաստանի խոշորագույն ռազմական օբյեկտն է նրա սահմաններից դուրս (մտնում է Կենտրոնական ռազմական օկրուգի կազմում), հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: