1 տարվա ընթացքում մենք արդեն ունենք 4-րդ պաշտպանության նախարարը. Տիգրան Աբրահամյան
«Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ քննարկումը նախաձեռնած ԲՀԿ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խորհրդարանի միջոցով հնարավոր չէ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, ապա վկայակոչեց վրացական ընդդիմության օրինակը, որը, նրա հավաստմամբ, այս պահին քննարկում է խորհրդարանական մանդատները վայր դնելու հարցը:
Արձագանքելով Նաիրա Զոհրաբյանի այս դիտարկումներին՝ խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց. «Մանդատներ վայր դնելու հարցը, կարծում եմ, մշտական օրակարգի հարց է, որովհետև, ի վերջո, մանդատ վերցնել կամ դնելու հիմքում՝ այս իշխանության դեմ էֆեկտիվ պայքար տանելու և արդյունք ունենալու գլխավոր հարցն է»:
Նա կարևորեց ընդդիմադիր ուժերի կողմից տարվող աշխատանքները. այն է՝ լինել այնտեղ, որտեղ կա նրանց անհրաժեշտությունը, և հանրության հետ ճիշտ կոմունիկացիա ստեղծել տեղերում:
Տիգրան Աբրահամյանը, այսուհանդերձ, կարծում է, որ ստեղծված իրավիճակում, երբ խնդիրները քննարկվում են անվտանգային սպառնալիքների ներքո, վարվող կադրային քաղաքականությունն անլուրջ է.
«Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ մեկ տարվա ընթացքում արդեն ունենք 4-րդ պաշտպանության նախարարը: Առաջին հայացքից՝ միգուցե պրիմիտիվ թվա, բայց խոսել անվտանգության համակարգի, պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության մասին այն պայմաններում, երբ մեկ տարվա ընթացքում չորս տարբեր պաշտպանության նախարարներ են հիշատակվել, այս տեսանկյունից իրավիճակը բավականին անլրջանում է»:
Պատգամավորն այս համատեքստում հիշեցրեց Գլխավոր շտաբի պետի, պետի տեղակալների, բանակային կորպուսներում տեղի ունեցող փոփոխությունների, պատերազմից հետո պաշտպանության բանակի հրամանատարական կազմի փոփոխությունների մասին:
«Մենք մտել ենք կադրային շրջապտույտի մեջ, որից նույնիսկ դուրս գալու հեռանկարներն այս պահին տեսանելի չեն: Այս պայմաններում խոսել երկրում տեղի ունեցող պաշտպանական համակարգերի լուրջ գործընթացների մասին, իմաստ չունի»,- հավելեց նա՝ նկատելով, որ ութ ամիս խոսվում է Զինված ուժերի արդիականացման, նոր կոնցեպտի մասին, բայց իրականում այն գոյություն չունի:
Սահմանային իրավիճակին, ադրբեջանցիների կողմից անցակետերի տեղադրմանը, ՀՀ բանակին հասցված հարվածներին ու հեղինակազրկմանն անդրադառնալով՝ Տիգրան Աբրահամյանը շեշտեց. «Սա ունի մեկ պատճառ՝ այդ պատճառը՝ Նիկոլ Փաշինյան, և Հայաստանում գործող ցանկացած առողջ ուժի, գիտակից մարդու համար մեր երկրում այս խնդիրների լուծումը պետք է սկսել ուղղակի Նիկոլ Փաշինյանի փոփոխությունից»: