Փաշինյանը դեռ դիմադրում է՝ հասկանալով, որ փաստաթղթից հետո լուրջ խնդիրներ է ունենալու. Աղասի Ենոքյան

«Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանն անդրադարձավ արտահերթ ընտրություններին և դրա հետևանքով ձևավորված փխրուն հանրային դաշտին, ապատիկ մթնոլորտին:

«Ընտրությունների պրոցեսում խնդիր էր դրվել, որ իշխանությունը փոխվի. մենք տեսանք, որ իշխանությունը չփոխվեց: Ավելին՝ խորհրդարանի աշխատանքից տեսնում ենք, որ խորհրդարանի միջոցով իշխանություն փոխելը հիմա շատ անհույս գործ է. այսինքն՝ պետք է մտածվեն այլ մեխանիզմներ, այլ միջոցառումներ, որի շնորհիվ իշխանությունը կփոխվի: Դրանով իսկ խորհրդարանի արժեքը կտրուկ ընկավ»,- մանրամասնեց քաղաքագետը:

Նա նաև հիշեցրեց, որ ընտրությունները եղան ոչ թե ընդդիմության հանրահավաքների պիկին, այլ, երբ արդեն անցել էր այդ պիկը. «Այսինքն՝ ըստ էության, ընդդիմությունից չկար իշխանությունը վերցնելու վտանգ, բայց Նիկոլ Փաշինյանը գնաց ընտրությունների: Կարծում եմ՝ այնուամենայնիվ, դա դրսից թելադրված քայլ էր: Ինձ թվում է՝ այդ ընթացքում նա ստացավ որոշակի երաշխիքներ, որ ինքը կմնա իշխանության, և գնաց խորհրդարանական ընտրությունների»:

Անդրադառնալով հարցին, թե ինչի՞ համար էին այս խորհրդարանական ընտրությունները՝ Աղասի Ենոքյանը նախ նկատեց, որ ցայսօր կապիտուլյացիայի վերաբերյալ որևէ փաստաթուղթ գոյություն չունի, և տարբեր հայտարարություններ՝ նոյեմբերի 9-ի, հունվարյան և այլն, միջազգային փաստաթղթեր չեն, ապա պարզաբանեց.

«Այն, ինչ կատարվում է՝ այդ քայլ առ քայլ տարածք վերցնելը, ադրբեջանական զորքերի մուտքը Հայաստան, ռուսական զորքերի մուտքը Հայաստան, սրանք բոլորն ուղղակի այդ մի հայտարարության վրա հիմնված քայլեր են. հայտարարություն, որն իրավական արժեք, ուժ չունի:

Եվ ուրեմն, իմ կարծիքով՝ ընտրությունների ամբողջ իմաստը՝ ստանալ ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, նաև փողոցային ընդդիմությամբ ներկայացված խորհրդարան, որը կգնա այսպիսի փաստաթղթի կնքման, հաստատմանը:

Այժմ տեսնում ենք,  որ որոշակի ճնշումներ կան Նիկոլ Փաշինյանի վրա, որպեսզի նա ստորագրի փաստաթուղթը, որից հետո կգնան խորհրդարանական պրոցեսներն այս ամենի հետ կապված: Նա կարծես թե դեռ դիմադրում է՝ շատ լավ հասկանալով, որ այդ փաստաթղթից հետո ինքը շատ լուրջ խնդիրներ է ունենալու՝ ոչ թե Հայաստանում, այլ այդ փաստաթղթից հետո ինքն այլևս անելիք, ֆունկցիաներ չի ունենալու. դրանից հետ նրա հրաժարականի հարցն ավելի սուր է կանգնելու»:

Տեսանյութեր

Լրահոս