
Թրևիս Սքոթի համերգի ժամանակ հրմշտոցից զոհվածների թիվը հասել է 10-ի

Հրմշտոցի զոհերի թիվը, որը ծայր է առել նոյեմբերի 5-ին Հյուսթոն քաղաքում (Տեխասի նահանգ) Astroworld Festival փառատոնում ռեպեր Թրեւիս Սքոթի ելույթի ժամանակ, հասել է 10-ի: Նոյեմբերի 15-ին այդ մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ համերգի ժամանակ վնասվածքներ ստացած իննամյա տղան նոյեմբերի 14-ին մահացել է հիվանդանոցում:
Համերգի ժամանակ մարդիկ սկսել են իրար հրելով առաջ գնալ բեմի առջեւի մասի ուղղությամբ, ինչը խուճապ է առաջացրել, այցելուներից ոմանք ուշաթափվել են:
CNN հեռուստաընկերության տվյալներով՝ հրմշտոցի ժամանակ տուժել է ավելի քան 300 մարդ:
Ընդամենը միջոցառմանը ներկա է եղել է շուրջ 50 հազար մարդ: Պատահարի պատճառով համերգը դադարեցվել է, իսկ փառատոնի երկրորդ օրը չեղյալ է հայտարարվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: