
Բելառուսի հետ սահմանին փախստականների թիվը հասել է 1500-ի. Լեհաստանի ՆԳ նախարար

Լեհաստանի ու Բելառուսի սահմանին` Կուզնիցայի անցակետի մոտ փախստականների թիվը հասել է 1500-ի: Այս մասին RMF ռադիոյին հայտնել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին:
«Փախստականների ճամբարն անընդհատ աճում է»,- ասել է նախարարը՝ պնդելով, որ ճամբարն ամբողջությամբ գտնվում է բելառուսական կողմի վերահսկողության ներքո: «Մենք հետևում ենք, թե ինչպես են բելառուսական իշխանությունները փախստականներին հասցնում մթերք, քնապարկեր, վրաններ, փայտ, կացին, դանակներ»,- հայտարարել է Կամինսկին:
Նա հավաստիացրել է, որ լեհական կողմը բավարար ուժեր ուղարկել է սահման՝ իրավիճակը վերահսկելու նպատակով: Նրա խոսքով՝ այդ հատվածում ծառայության մեջ են գտնվում 13 հազար զինծառայող, 4500 սահմանապահ և 2000 ոստիկան:
Ընթացիկ տարվա մեջ Լեհաստանի սահմանապահները կանխել են Բելառուսի հետ սահմանն ապօրինի հատելու ավելի քան 33 հազար փորձ: