Ի՞նչ է «Հավատամքը»
– Ի՞նչ է «Հավատամքը»:
– «Հավատամքը» մեր քրիստոնեական հավատքի խտացված ամփոփումն է, երբ բարձրաձայն բերանով խոստովանում և ասում ենք այն, ինչին հավատում ենք: Ուղղափառ հավատքի խոստովանությունը Եկեղեցի մուտք գործելու խորհրդական դուռն է և առաջին նախապայմանը: Ուստի դա է պահանջվում նաև յուրաքանչյուր մկրտյալից:
Ս. Աթանաս Ալեքսանդրացին ասում է. «Աստծուն ճանաչելու առաջին տեսակն ուղղափառ հավատքի խոստովանությունն է…: Քանզի քրիստոնեության անունը Քրիստոսին ճշմարիտ խոստովանելն է, իսկ քրիստոնյա է կոչվում նա, ով ճշմարիտ խոստովանությունն ունի»:
Մեր Եկեղեցու ծիսակարգում գործածում ենք երեք «Հավատամքներ»`
Նիկիակոստանդնուպոլսյանը կամ պարզապես Նիկիական հանգանակը, որն ասում ենք Ս. Պատարագի ժամանակ,
Ս. Գրիգոր Տաթևացու խմբագրած «Խոստովանում և կատարյալ սրտով հավատում ենք» սկսվածքով հավատքի դավանությունը, որը զետեղված է «Ժամագրքի» սկզբում, և Ս. Մկրտության ժամանակ ասվող հավատքի համառոտ խոստովանությունը:
Զաքարիա ծ. վրդ․ Բաղումյան