
Սիրիայում վերականգվել է պարենային արդյունաբերության կեսից ավելին

Սիրիան վերականգնել է պարենային սեկտորի գործարանների ու ֆաբրիկաների ավելի քան 50 տոկոսը, որոնք ավերվել էին պատերազմի ընթացքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) արդյունաբերության նախարար Զիյադ Սաբագը:
Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011 թվականից: «Ընթանում է վերականգնում: Մասնավոր սեկտորը վերստին կառուցել է իր գործարանները, եւ շատերն արդեն աշխատում են, շահագործման են հանձնվել նաեւ նոր ձեռնարկություններ… կարելի է ասել, որ մենք վերականգնել ենք ավելի քան 50 տոկոսը»,-ասել է նախարարը: Խոսելով տեքստիլ արդյունաբերության մասին, որը սիրիական արտադրության հիմնական ուղղություններից մեկն էր սննդամթերքի եւ դեղագործության հետ միասին, նախարարն ասել է, որ վերականգնվել է արտադրական հզորությունների շուրջ 40 տոկոսը:
«Վնասը, որը պատերազմի սկզբից ի վեր հասցվել է Սիրիայի արդյունաբերության պետական ու մասնավոր սեկտորին, 2019 թվականի վերջի գնահատմամբ գերազանցել է 23,5 միլիարդ ԱՄՆ-ի դոլարը»,- հավելել է արդյունաբերության նախարարը:
Նրա խոսքով՝ մեծ չափով կործանվել են նավթային ճյուղի արդյունաբերական օբյեկտները: «Բայց, դրանից զատ, նպատակամիտված գործողություններ են եղել արդյունաբերական օբյեկտների ավերման ուղղությամբ, որոնք նախատեսված են եղել սննդամթերքի ու դեղամիջոցների արտադրության համար եւ ունեցել են ռազմավարական նշանակություն՝ ուղղակիորեն ազդելով քաղաքացիների կյանքի վրա»,-հավելել է նա: Սաբագը նշել է, որ լուրջ վնաս է հասցվել տեքստիլ արդյունաբերությանը եւ առաջին հերթին՝ Հալեպի նահանգում, որտեղ գործնականում ամբողջությամբ ավելվել եւ ահաբեկիչների կողմից կողոպտվել են մասնավոր ու պետական ֆաբրիկաները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: