Բաժիններ՝

Երկու թիմերն էլ պայքարելու են հաղթանակի համար․ Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա

Ո՛չ Հայաստանի հավաքականը, ո՛չ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը դեռևս չեն կորցրել «J» խմբում երկրորդ տեղի համար իրենց հնարավորությունները և այսօր կբացահայտեն ուժեղագույններին։ Արդյո՞ք Հայաստանի հավաքականը, որը երեք անգամ անընդմեջ հաղթել է մրցակցին սեփական դաշտում, այս անգամ էլ կկարողանան չպարտվել։

Հայաստան

Հայաստանը լավ մեկնարկեց 2022 թվականի աշխարհի առաջնության ընթացիկ ընտրական փուլում, սակայն երկարաժամկետ հեռանկարում կորցրեց կենտրոնացումը և վերջին հանդիպումներում արդյունքներ չի գրանցում։ Խոակին Կապպարոսի թիմը որակավորման ավարտից երկու հանդիպում առաջ վաստակել է 12 միավոր և ներկայիս մրցակցի հետ կիսում է երրորդ տեղը՝ բաղձալի երկրորդ տեղին զիջելով մեկ միավորով։ Նախորդ խաղում հայերը պարտվել են Ռումինիային (0:1)՝ թույլ տալով նրանց առաջ անցնել աղյուսակում։

Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ մեկնարկային կազմով՝ Դավիթ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Տերտերյան, Անդրե Չալըշըր, Կամո Հովհաննիսյան, Սոլոմոն Ուդո, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Լուկաս Սելարայան, Էրիկ Վարդանյան, Նորբերտո Բրիասկո։

Հյուսիսային Մակեդոնիա

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը վաստակել է նույնքան միավորները, ինչ Հայաստանը, սակայն ունի լավագույն լրացուցիչ ցուցանիշները, ինչը թույլ է տալիս խմբում զբաղեցնել երրորդ տեղը։ Բլագո Միլևսկու սաները վերջին խաղում սեփական հարկի տակ պարտվեցին գերմանացիներին (0:4), բայց դեռ չեն կորցրել աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու հույսը։

Երկու թիմերն էլ խաղալու են միայն հաղթանակի համար, քանի որ ոչ-ոքին ձեռնտու է միայն ռումինացի մրցակիցներին։ Հմտության մակարդակի և ելույթների փորձի առումով Հայաստանը որոշակի առավելություն ունի, և պայքարում կարևոր դեր կունենա դաշտի գործոնը։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի փոքր-ինչ զգույշ, և ոչ ոք ժամանակից շուտ ռիսկի չի անի՝ հույսը դնելով մրցակցի սխալի վրա, այլ կբացահայտվի առաջին գոլից հետո։ Խաղը տեղի կունենա այսօր՝ 21։00-ին։

Հանդիպումը սպասարկող մրցավարների անձնակազմն Իսպանիայից է։ Գլխավոր մրցավարն է Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը: Նրան կօգնեն Ռաուլ Կաբաներո Մարտինեսը և Ռոբերտո Ալոնսո Ֆերնանդեսը։ Չորրորդ պաշտոնյան է Խուան Մունուերա Մարտինեսը։

VAR-ի մրցավարն է Պաոլո Վալերին (Իտալիա), իսկ նրա օգնականը՝ իր հայրենակից Լուկա Պայրետոն։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Տոմաշ Միկուլսկին (Լեհաստան), իսկ հանդիպման պատվիրակը՝ Մարկ Բոսը (Նիդերլանդներ):

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս