Բաժիններ՝

Այդ ո՞նց է՝ ամբողջ Հայաստանում լիցենզավորումը չկա, դադարեցված է, օդանավակայանի համար լիցենզիա է պետք, հա՞

ՀՀ ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը, օդանավակայանից փոխադրումներ իրականացնելու համար կպահանջվի «Ա» տիպի լիցենզիա:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

«Առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը, օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել Ա տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ, սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ: Այսինքն՝ այն պետք է լինի շախմատաձև և աերոտաքսի գրառմամբ տաքսի նշանով, գույնի առումով ընտրել ենք սպիտակ գույնը»,- ասել է Սիմոնյանը:

«Վարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Պողոս Օղլուկյանը կարծում է, որ պետք է ընդունվի այնպիսի որոշում, որը կվերաբերի բոլոր տաքսիներին, նպաստի առկա խնդիրների վերջնական լուծմանը:

«Այդ ո՞նց է՝ ամբողջ Հայաստանում լիցենզավորումը չկա, դադարեցված է, օդանավակայանի համար լիցենզիա է պետք, հա՞: Միանման մեքենաները բերել-լցրել են ու մարդկանց չեն թողնում, որ մի ուղևոր տանեն: Օդանավակայանի համար առանձին որոշում են հանում: Որոշումը պետք է կայացնեն ամբողջ Հայաստանի համար, թե չէ՝ ստացվում է՝ մի հատ էլ որոշում կլինի Կայարանի տաքսու վարորդների համար»,- մեզ հետ զրույցում ասաց «Վարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահը:

Հարցին՝ այս դեպքում ինչպե՞ս կարգավորել ոլորտը, եթե զբոսաշրջիկները, ինչպես նաև մեր հայրենակիցները օդանավակայանից տաքսի նստելիս ինքնաթիռի գին էին վճարում, նա պատասխանեց.

«Եթե սովորական տաքսին օդանավակայանից կբերեր 3000 դրամով, տեղի տաքսիները բերում են 6000-7000 դրամով: Անգամ գնացուցակ կար, թե Երևանից դուրս ինչ գնով են տանում: Ծաղկաձորի դեպքում 60-70կմ-ն 20.000 դրամ էր: Տաքսիների դաշտը կարգավորելու համար, 8 տարի է՝ խոսում եմ: Առաջարկել եմ հասարակ, կտրոնային ձև՝ բոլոր տաքսիների համար: Մարդը մտնում, տալիս է իր անձնագիրը, մեքենայի և վարորդական իրավունքի փաստաթղթերը, ու դա ճանապարհային ոստիկանության կայքում արտացոլվում է: 6000 դրամ վճարում է, կտրոնը վերցնում է մեկ ամսվա համար և վարում է: Հիմա 100.000-ից ավելի տաքսի կա: Կեսն անգամ սուրճի փող չեն տալիս, բայց անգամ  50.000-ը եթե 6000 դրամ վճարեն, պետական  բյուջեն կավելանա շուրջ 300 միլիոն դրամով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս