«Վաղը-մյուս օրն այս բոլոր գյուղերը դարձնելու են անկլավներ, ես չգիտեմ՝ մեր ճակատագիրն ինչպես է դասավորվելու». Բարձրավանի գյուղապետ

Երեկ երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։

Ըստ նրա, հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։

«Այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր, և այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք, բայց քանի որ, ինչպես հայտարարվել է արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս, կամ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է՝ ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ՝ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է։ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է»,- նշեց Արմեն Գրիգորյանը։

Բազմաթիվ փորձագետներ այս հայտարարությունից հետո ահազանգեցին, որ այդպիսով Կապանի որոշ գյուղեր հայտնվելու են մեկուսացման մեջ, այլ խոսքով՝ դառնալու են անկլավ։

Հիշեցնենք, որ երբ օգոստոսի 25-27-ը թշնամին փակել էր Որոտանի ճանապարհի այդ նույն հատվածը, Բարձրավան գյուղն ամբողջովին հայտնվել էր մեկուսացման մեջ։ Այսօր էլ գյուղում մտահոգված են, որ մաքսակետ տեղակայելուց հետո գյուղը կտրվելու է արտաքին աշխարհից։

168.am-ի հետ զրույցում Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանն ասաց, որ այն, ինչ այսօր թշնամին անում է Սյունիքում, մասնավորապես՝ Որոտանի ճանապարհին, դրա մասին վաղուց էր ահազանգում։

«Ի՞նչ էին կարծում, որ թուրքին բերեն մեր հողին կանգնեցնեն, պետք է մեզ համար լավ բան անե՞ր։ Թուրքի հետ իսկի չի կարելի աղ ու հաց ուտել, սա հնարավոր չէ։ Չեն հասկանում, որ թշնամին խաղաղություն չի ուզում, պատրաստ չէ որևէ գործարքի գնալ։ Ես ի սկզբանե ասել եմ՝ թուրքի հետ պետք է խոսել միայն ուժի լեզվով, թուրքը միայն այդ լեզուն է հասկանում, մնացած բաները սուտ են։ Իսկ այն, ինչ այսօր կատարվում է, դրա մասին վաղուց հայտարարել եմ ու ասել՝ թշնամին աստիճանաբար ամեն ինչ անելու է այստեղ ամրապնդվելու համար։ Այդ ճանապարհը թշնամին գիշերվանից փակել է, մեքենաները կանգնած են, բեռնատարները չեն կարողանում երթևեկել։ Վաղը-մյուս օրն այս բոլոր գյուղերը դարձնելու են անկլավներ, ես չգիտեմ՝ մեր ճակատագիրն ինչպես է դասավորվելու»,- նշեց Օնիկ Ավագյանը։

Միաժամանակ նա նշեց, որ Բարձրավանից Գորիս հասնելու համար նախկին 30 կիլոմետրի փոխարեն՝ պետք է կտրեն–անցնեն 70 կիլոմետր, հետևաբար՝ հարց է առաջանում՝ նման որոշում կայացնողները կհոգա՞ն բնակիչների անվտանգությունն ու հավելյալ ծախսերը։

«Այս պահին այլընտրանքային ճանապարհ են կառուցում, սակայն ավարտական փուլին դեռ չեն հասել։ Հիմա եթե իմ գյուղացին այդ ճանապարհով անցնի, ադրբեջանցին ինչ ուզի, այն էլ կանի, մեր տերն ո՞վ է, կարող են առևանգել, ձերբակալել, ակտ գրեն, չե՞ք տեսնում՝ թշնամին ինչ անում է՝ մեր  իշխանությունը լուռ համաձայնում է»,- հավելեց Օնիկ Ավագյանը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ գյուղում խուճապային տրամադրություններ չկան, սակայն մարդիկ մտահոգված են։

Տեսանյութեր

Լրահոս