Օնլայն ծառայությունները, առևտուրը, ֆիլմերի դիտման ծառայությունները, գրքերից օգտվելու իրավունք տրամադրողները կհարկվեն. ՊԵԿ աշխատակից
Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ Ասանեթ Ալոյանը ներկայացրեց, թե էլեկտրոնային որ ծառայություններն են հարկվելու:
Վերջինս նշեց, որ այս պահին գործող Հարկային օրենսգրքով էլեկտրոնային ծառայությունները հարկելու կարգավորումներ չունենք:
Հիշեցնենք, որ նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է: Նախատեսվող փոփոխությամբ ավելացված արժեքի հարկով՝ ԱԱՀ-ով կհարկվեն տեղեկատվական հեռահաղորդակցության ցանցերի միջոցով գովազդային ծառայություններ մատուցողները, հարթակներ տրամադրողները, էլեկտրոնային գրքերից օգտվելու իրավունք տրամադրողները, ֆիլմերի դիտման ծառայությունները:
Հայաստանում գտնվող թվային մարքետինգի ընկերությունը, որը մեր երկրում վճարում է հարկ, եթե կրթական ծրագիր է իրականացնում Հայաստանից դուրս լսարանի համար` հարկ չի վճարելու: Սա նախատեսված է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությամբ, որով հարկվելու են էլեկտրոնային ծառայությունները: Այն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից:
Օրենքի դրույթները, սակայն, ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպություններին կվերաբերվեն տարբեր կերպ: Ըստ Ասանեթ Ալոյանի՝ ի տարբերություն ոչ ռեզիդենտ կազմակերպությունների՝ մեր երկրում ռեզիդենտի համար ավելի բարենպաստ միջավայր է ստեղծվելու: Նա նաև նշեց, որ էլեկտրոնային ծառայությունների ցանկը կսահմանվի կառավարության որոշմամբ, հավելեց, որ այս նախագծով նախատեսված չեն էլեկտրոնային առևտրի կարգավորումները:
ՊԵԿ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանն էլ ասաց, որ նման համակարգեր գործում են մի շարք երկրներում, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներ Ռուսաստանում և Բելառուսում:
Նրա խոսքով՝ ոչ ռեզիդենտ ընկերությունների հետ քննարկումների ժամանակ նրանք խնդիրներ են մատնանշել, որոնց լուծում է տրվել: Այդ կազմակերպություններին մտահոգող հարցերից մեկը եղել է հաշվետվության ամենամսյա ներկայացումը, ինչը նրանց համար նպատակահարմար չէ:
Ըստ Լուսինե Այվազյանի՝ ոչ ռեզիդենտների համար հաշվետվության հաշվետու ժամանակահատվածը սահմանվել է եռամսյակը մեկ տարբերակը: Նա նկատեց, որ որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպություն չի առարկել դրան և պատրաստակամ է հարկերը վճարել:
ՊԵԿ պաշտոնյայի հավաստմամբ՝ նախագիծը քննարկվել է «Google», «Facebook», «Amazon», «Netflix», «Booking» և նման այլ կազմակերպությունների և էլեկտրոնային ծառայությունների մատուցման գծով միջազգային փորձագետների հետ:
Ասանեթ Ալոյանն ասաց՝ չնայած էլեկտրոնային ծառայությունների հարկումը պարտադիր է, նախատեսված է օրենքով, այդուհանդերձ, վերահսկողական մեխանիզմները թույլ են և որոշ ծառայությունների դեպքում այդքան հեշտ չի լինելու հայտնաբերել հարկ չվճարողին:
Մանրամասները՝ տեսանյութում



