Մեզ ընդամենը թվացել է, թե 2018 թվականին այդպես ինքնաբուխ և միանգամից ամեն ինչ եղավ. Կարինե Նալչաջյան
«Այս տիպի պայքարները հեշտ ու միանգամից չեն լինում, մեզ ընդամենը միայն թվացել է, թե 2018 թվականին այդպես ինքնաբուխ և միանգամից ամեն ինչ եղավ. նախապես խորքային ձևով լավ կազմակերպված է եղել»,- Կառավարության շենքի առջև «Դիմադրության» ակցիայի ժամանակ 168.am-ի հետ զրույցում նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Հոգեբանի կարծիքով՝ առկա անտարբերության և ապատիայի մթնոլորտն ինչ-որ առումով նաև ստարտային վիճակ է՝ խայտառակ, ողբերգական դրությունից դուրս գալու համար:
«Հենց այսօր, այս պահին շատ ջանքեր են թափվում մեզ զոհի հոգեբանության մեջ պահելու համար: Տեսնում եք՝ Ալիևը շատ անկեղծ է խոսում. ասում է, չէ՞, հայերը սրանից հետո պարտվող հոգեբանության մեջ են:
Այսօրվա իմ կոչում ավելի շատ մարդկանց եմ ուզում անձնապես հասկացնել, որ յուրաքանչյուրի անձնական ողբերգությունն է. երբ ասում ենք՝ հայրենիք ենք կորցնում, Սյունիք, Սյունիքի միջանցք, մարդիկ խորապես չեն պատկերացնում՝ ինչ է իրենից ներկայացնում:
Ես շատ պարզ եմ ասում՝ թուրքը արդեն մեր տանն է և յուրաքանչյուրի դուռը բախելու է՝ անկախ նրանից՝ թրքասեր ենք, թրքասեր չենք, քաղաքական որ ուժին ենք համակրում, որին չենք համակրում, ատում ենք, սիրում ենք. հոգեբանական մի մեխանիզմ կա՝ համահարթեցման մեխանիզմ է կոչվում. մենք թշնամու համար բոլորս մեկ ենք,- հավելեց նա՝ զուգահեռներ անցկացնելով 100-ամյա ողբերգության՝ Ցեղասպանության օրերի հետ,- Եղեռնը հենց այնպես չի եղել. էլի անտարբերության, չհավատալու մթնոլորտ է եղել»:
Կարինե Նալչաջյանը նկատեց նաև, որ պետք է հասկանալ՝ պայքարը մեկ օրում չի ձևավորվում և հաղթանակի հասնում, իսկ հաղթանակի համար նախևառաջ անհրաժեշտ է ուժերի համախմբում և «մենք»-ի զգացողության ուժեղացում.
«Շա՞տ եք սիրում ձեր երեխաներին, հիմա գրկած համբուրո՞ւմ ես քո երեխային, իսկ ի՞նչ է՝ քո երեխան, իմ երեխան ավելի լա՞վն են, քան Սյունիքի գյուղում ապրող երեխաները, որոնք հիմա, ով գիտի՝ ինչ վիճակում են, կամ Արցախի երեխաները:
Մենք նույնն ենք, մենք պետք է հասկանանք, որ այս աղետը բոլորինս է. ուժայինները դա պետք է հասկանան, և ինչ-որ մի պահ բեկում կարող է լինել. ես հավատում եմ դրան»:
Հարցին՝ արդյո՞ք իշխանությունների կողմից ոստիկանական մեծաթիվ ուժերով գերպաշտպանվածությունը վկայում է իշխանությունների վախերի մասին՝ Կարինե Նալչաջյանը պատասխանեց.
«Իրենք շատ լավ հասկանում են, թե ինչ են անում, իրենք շատ լավ հասկանում են, որ այս ժողովրդին սկուտեղի վրա թուրքին են մատուցում՝ գնա՝ ինչ ուզում ես եղիր, և, բնականաբար, իրենք այդ վախերն ունեն:
Տեսնում եք՝ ամբողջ ոստիկանական համակարգը փոխանակ ՀՀ սահմաններին հիմա լինի, ծառայի հանուն հայկական պետության, ըստ էության, բոլորը ծառայում են հանուն Թուրքիայի: Ոստիկանությունը շատ կարևոր պետական ատրիբուտ է. հիմա այնքան աղավաղվել է մեր կյանքը, որ ոստիկանությունը ծառայում է ոչ թե ուղղակի օտարին, այլ ուղղակի մեր թշնամուն է ծառայում, և սա անհատ ոստիկանների խնդիր չէ, ոստիկանության համակարգը դրված է այս աբսուրդի մեջ և առայժմ ծառայում է»:
Հիշեցնենք՝ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը գիշերը ժամը 24:00-ից սկսած` Գորիս-Կապան ճանապարհին կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, մաքսակետեր կտեղադրվեն Գորիս Կապան ճանապարհին։
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի կոչով բազմաթիվ քաղաքացիներ էին եկել Կառավարության շենքի մոտ իրենց բողոքի ձայնը հնչեցնելու այս որոշման կապակցությամբ: «ԴԻՄԱԴՐՈ՞ՒՄ ենք։ ԵԿԵՔ դիմադրենք։ Ո՞վ է գալիս։ Սպասում ենք։
Այսօր իշխանությունը պաշտոնապես հայտարարեց, թե Գորիս-Կապան ճանապարհն այլևս ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել։ Ավելին՝ կառավարության անդամն այսօր գնաց Սյունիք, պաշտոնապես հայտարարեց շրջանցիկ ճանապարհի կառուցման ավարտի մասին, ու թշնամին շարունակեց Հայաստանի իշխանության դավադիր գործը՝ արդեն փակեց մայրուղին։ Հանդուրժե՞նք։
Ո՞վ է պատասխան տալու։ Կառավարությո՞ւնը։ Առավոտյան նրանք նիստ են գումարում, մենք էլ իրավունք ունենք հարց տալ։ Ամեն ինչ չի կարող գաղտագողի լինել։ Կառավարությունից պահանջելու ենք պատասխան»,- կոչով դիմել էր պատգամավորը քաղաքացիներին:



