Ինչպե՞ս են ՀՀ պաշտոնյաները պատրաստվում երաշխավորել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ ու առանձնապես՝ հարակից համայնքների բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը․ Արման Թաթոյան
Մեր զինվորներին պատերազմի ընթացքում դաժան խոշտանգումների են ենթարկել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, որ ստացվում է՝ պետք է Գորիս-Կապան ճանապարհին իրականացնեն սահմանային վերահսկողություն: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կովսականում 2020թ. հոկտեմբերի վայրագություններին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջերս հրապարակած զեկույցը փաստերով մանրամասն ցույց է տալիս, որ նրանք խոշտանգել են մարդկանց, ապօրինաբար կյանքից զրկել են, հետո կապել են մեքենաներից ու քաշ տվել: Այդ ամենը լուսանկարել ու տեսանկարահանել են ու հետո էլ բաց դեմքերով (վստահ լինելով, որ չեն պատժվելու), երգ ու պարով իրենց «հաղթանակը» նշել են Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում:
ՀՀ այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք իրենց հայտարարություններով լեգիտիմացնում են նրանց ներկայությունն ու արարքները, նրանց հեռացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն, տեղյա՞կ են, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության այդ ներկայացուցիչներից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են պետական մակարդակով հայատյացությունն ու թշնամանքի քարոզը:
Այս պայմաններում ինչպե՞ս են պատրաստվում երաշխավորել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ ու առանձնապես՝ հարակից համայնքների բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը:
Եվս մեկ անգամ ուզում եմ հստակ նշել, որ խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց որևէ պարագայում չի կարելի մարդկանց իրավունքները դնել զանգվածային խախտումների իրական վտանգների առաջ՝ այն էլ առանց երաշխիքների:
Կովսականի դեպքին վերաբերող փաստերը մանրամասն շարադրված են իմ զեկույցում․ առաջարկում եմ մանրամասն ուսումնասիրել՝ այստեղ․
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան