
Ի՞նչ է կատարվել Իշխանասարում

Թեև երեկ մամուլում հրապարակումներ եղան, որ Խոզնավարի և Իշխանասարի միջև ընկած հատվածում թշնամին կրակ է բացել խոշոր տրամաչափի զինատեսակներից, և, որ անգամ Սյունիքում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահներ են բարձրացել Իշխանասարի դիրքեր, այդուհանդերձ ՊՆ-ից իրավիճակը պարզաբանող պաշտոնական հաղորդագրություն այդպես էլ չեղավ:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով կատարվածին՝ Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը մասնավորապես հայտնեց.
«Ընդհարում չի եղել. Փաստորեն, մեր տղաները ձմեռնամուտին իրենց դիրքերը ավելի ապահովել են, թեթևակի սրվածություն է եղել (եթե մեր տղաները իրենց դիրքերն ապահովել են, իհարկե, հակառակորդի մոտ լարվածություն է ստեղծվում): Ներկա պահին հանդարտ վիճակ է»:
Կարո Քոչարյանը ադրբեջանական զինուժի կուտակումների մասին հարցը հորդորեց ուղղել Պաշտպանության նախարարությանը:
Անդրադառնալով առհասարակ մայիսի 12-ից հետո համայնքում առկա իրավիճակին՝ նա փոխանցեց.
«Նույն վիճակն է. հակառակորդը մեր տարածքում է: Ընթացքը՝ մնում է մեր ղեկավարության հարցերը՝ իրավիճակը տիրապետել և մեր քաղաքը, մեր համայնքը հանգիստ վիճակում պահել, որ մյուս տարի ժողովուրդը նաև կարողանա անասունները տանել արոտավայրեր, և Գորիս քաղաքը չլինի հակառակորդի կողմից տեսանելի հատվածում»:
Հույս ունե՞ք, որ նման հանգուցալուծում կլինի՝ մեր հարցին ի պատասխան՝ Կարո Քոչարյանը արձագանքեց. «Աստված մեզ հետ»:
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ էր եկել մի քանի կիլոմետր: Սահմանային իրավիճակի վերաբերյալ իշխանությունները դեռևս պահպանում են խորհրդավոր լռություն՝ բավարարվելով միայն դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին ընդհանուր դիտարկումներով: