Հայաստանը հասարակական հիմունքներով սփյուռքի գործերի հանձնակատարներ կունենա օտարերկրյա պետություններում
Օտարերկրյա պետություններում նախատեսվում է հասարակական հիմունքներով նշանակել սփյուռքի գործերի հանձնակատարներ՝ խորհրդականի կարգավիճակով: «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ստեղծման հետ: «Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվելու են ՀՀ վարչապետի որոշմամբ՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ, օտարերկրյա պետություններում խորհրդականի կարգավիճակով, չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի և աշխատանքային ռեժիմ: Նրանք ՀՀ-սփյուռք փոխգործակցության ուղղություններով տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն և աջակցելու են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառում իրականացվող աշխատանքներին»,- ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նախատեսվում է ընդլայնել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները՝ սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման միջոցով: Նախագծի ընդունման կապակցությամբ պետբյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա: Սփյուռքի գործերի հանձնակատարները պաշտոնատար անձինք չեն լինի: Նրանք նշանակվելու են տվյալ երկրից, Հայաստանից չեն գործուղվելու, լինելու են անձինք, որոնք ճանաչում են տեղի համայնքին, որոնց ճանաչում է տեղի համայնքը: Որևէ գործառույթ, որը չի մտնում դիվանագիտական տարածք, մտնելու է իրենց պատասխանատվության մեջ:
«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանի կարծիքով՝ եթե անձը չի վարձատրվում, հետևաբար պատասխանատվության տիրույթ և լիազորություններ էլ չի ունենում: Պատգամավորը նկատել է, որ որևէ լիազորություն կարգավորող սահմանում չկա նախագծում: «Ձեր տեսլականն ա՞յն է, որ ունենաք հասարակական հիմունքներով նոր հաստիքի ստեղծմամբ հանձնակատարներ, և դրանով սփյուռքի հետ հարաբերություններն ակտիվանալո՞ւ են, թեժանալո՞ւ են»,-հարցրեց պատգամավորը:
Սինանյանը չհամաձայնեց պատգամավորի հետ, թե հասարակական սկզբունքներով աշխատանքը նշանակում է անգործություն կամ պատասխանատվության բացակայություն: «Միայն այն փաստը, որ ՀՀ վարչապետն անձամբ նշանակում է, ինքնըստինքյան պատասխանատվության մեծ բաժին է կրում: Արդյոք սա՞ է մեր բոլոր խնդիրների պատասխանը. իհարկե ոչ, սա զուտ մի տարր է, էլեմենտ է, որը ևս ավելանում է մեր կառույցի ենթակառուցվածքին, և որի արդյունքում ակնկալում ենք, որ կտրուկ ձևով բարելավվելու է մեր աշխատանքի որակը և ծավալը համայնքներում»,-ասաց նա:
Հանձնաժողովը կառաջարկի ԱԺ խորհրդին նախագիծը ներառել լիագումար նիստերի օրակարգ: Հանձնաժողովում հավանություն ստացավ նաև առաջարկը, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը 24 ժամվա ընթացքում քննարկվի երկրորդ ընթերցմամբ: