Սա քաղհասարակության նկատմամբ բացահայտ ճնշում է. «Ֆիզգորոդոկի» բնակչի դեմ քրեական գործ է հարուցվել մետաղի վրա գրություն անելու համար

«Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում սեպտեմբերի 29-ից հողային աշխատանքներ կարծես թե չեն կատարվում, իսկ բնակիչները պնդում են՝ Քաղաքապետարանը պետք է կասեցնի շինաշխատանքները, տրամադրի Ալիխանյան 6/1 տարածքի կարգավիճակի մասին հիմքերը և Հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումների վերաբերյալ եզրակացությունը:

Նրանց փոխանցմամբ՝ ի թիվս բազմաթիվ դատական գործընթացների` ընթացքի մեջ է գոյություն չունեցող նկուղի հիմքով պաշտոնեական լիազորությունների չարաշահման քրեական գործի քննությունը:

Բնակիչների պնդմամբ՝ զավթվել է հանրային տարածքը՝ կանաչ հրապարակը, որը ապօրինաբար օտարվել է 2005 թվականին՝ գոյություն չունեցող նկուղի հիմքով:

«Ֆիզգորոդոկի» բնակիչ, քաղաքացիական ակտիվիստ Սեդա Գրիգորյանը կարծում է՝ «Ֆիզգորոդոկում» շինաշխատանքների մասին բարձրաձայնելը, հանրայնացնելը հանգեցրել է նրան, որ ինքը հայտնվել է ինչ-որ գործողությունների, ճնշումների թիրախում:

«Դրա վառ ապացույցն է այն, որ նախորդ շաբաթ օրը ես միայնակ էի տանը, և դուռը թակեցին, բացեցի, երկու հոգի ներկայացան Մաշտոցի ոստիկանության քրեական հետախուզության բաժնից և ասացին, որ դատարանից ունեն որոշում՝ խուզարկելու մեր տունը: Աբսուրդային քրեական գործ է  հարուցվել շինարարության ժամանակավոր մետաղյա ցանկապատի թիթեղների վրա կարմիր ներկով գրություններ անելու հետ կապված: Այսինքն, ժամանակավոր մետաղի վրա գրություն անելը որպես գույքային վնաս է որակվել, ներգավվել է ինչ-որ փորձագիտական կազմակերպություն, որը գնահատել է մոտավորապես 100.000 դրամի գույքի վնաս, և ասում են, որ կասկած կա, որ դա ես եմ արել:

Փաստաթղթում ներկայացված չէ, թե ինչ կարգավիճակով եմ ներգրավված գործում, ինչի կապակցությամբ ասացի, որ չեմ կարող ստորագրել, որովհետև ինձ համար հասկանալի չէ իմ կարգավիճակը:

Սակայն ասացի, որ չեմ խոչընդոտում, կարող են խուզարկել տունը, և իրենք ասացին, որ եկել են գտնելու կարմիր ներկի տուփը: Ամբողջ տունը տակնուվրա արեցին, չգտան այդ տուփը»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ մանրամասնեց Սեդա Գրիգորյանը:

Նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան  Գևորգ Գյոզալյանն էլ ասաց, որ քրեական գործը կասկածելի հիմքեր ունի:

«Մակերեսային հետազոտություն փորձեցինք անել: Թիթեղները վնասված չեն, խոսքը գրության մասին է, որը կարող է կրկին կանաչ ներկով ներկվել և փակվել կամ համապատասխան նյութերով ջնջել: Հիմա այս ամբողջը եթե փորձենք իրականացնել՝ հաստատ 30.000 դրամը չի գերազանցի: Սա՝ մասնագետների բանավոր տրված բացատրություններով: Այստեղ է, որ ողջամիտ կասկած է առաջացել, թե ինչի հիման վրա է փորձագետը ասել 100.000 դրամ:

Ըստ իմ ենթադրության, խոսքը թիթեղների գումարի մասին է, դրանք որ բերեն դնեն, մոտավորապես 90-100.000 դրամ կկազմի: Բայց թիթեղներն առհասարակ վնասված չեն, և դրանց փոփոխության խնդիր չկա: Այս ամենն այնքան բացահայտ է, որ Շերլոկ Հոլմս պետք չի լինել, որպեսզի պարզեն: Այստեղից են գալիս իմ կասկածանքները, որ ինչ-որ բան այն չէ: Այս գործով առհասարակ խուզարկության կարիք չկար: Տրամաբանությունը հուշում է, որ եթե ինչ-որ մի տեղ ինչ-որ բան ներկվել էր, անձը չէր տանելու այդ գազաբալոնը տանը տաք պահեր, որովհետև ներկելուց հետո դա դառնում է անպիտան ու, որպես կանոն, դա շպրտում է: Այնպես չէ, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները դա չեն հասկանում»,- նշեց փաստաբանը՝ շեշտելով, որ կփորձեն հասնել արդարության, որովհետև տպավորությունն այնպիսին է, որ սա քաղհասարակության նկատմամբ բացահայտ ճնշում է:

Սեդա Գրիգորյանը նշեց, որ իրենց պայքարին ոչ միայն չի օգնում քաղաքային պետական մարմինը, այլև խոչընդոտում է  պայքարին, ինչը խիստ դատապարտելի է: Նա լրացնելով փաստաբանի խոսքը՝ ասաց, որ կառուցապատող ընկերության տնօրենը երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում, և այդ հանգամանքը որոշակի լույս սփռում է  իրադարձությունների զարգացման վրա: Օրինակ՝ խաղաղ ակցիաներ իրականացնող բնակիչների դեմ հայցեր են ներկայացվում:

«Քաղաքապետարանից վստահեցրել էին, որ լավ կլինի՝ հարցը կլուծվի, բայց դրական տեղաշարժ չեմ տեսնում: Եթե լավ կլինի ասելով՝ նկատի ունեին, որ քրեականի ոստիկանները պետք է գան մեր տունը քանդեն, կներեք, ես չեմ հասկանում այդ հորդորների հիմքը: Շինաշխատանքներ, մեկ ամիս է՝ չի կայանում, բայց չկա կասեցման որոշում, ես չեմ տեսել»,- հավելեց ակտիվիստը:

Հիշեցնենք, որ Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել է, որ հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին, Երևանի քաղաքապետարանն իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը: Այդ տարածքում արդեն տրված է եղել 12 հարկանի շենքի շինթույլտվություն 2007 և 2012 թվականներին: 2019-ին քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից՝ նորից անցնել բոլոր փորձաքննությունները:

ԿԳՄՍՆ-ն 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը՝ որպես նորահայտ հուշարձան, այնուհետև՝ 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորն այդ տարածքից: 2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Քաղաքապետարանը պարտավոր է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին, և տարածքն ընդգրկված չէ հուշարձանների ցանկում:

Տեսանյութեր

Լրահոս