Բաժիններ՝

Տասնյակ անօրինական միգրանտներ Բելառուսի տարածքից ճեղքել-անցել են Լեհաստան

Անօրինական միգրանտների երկու մեծ խմբեր անցած օրվա ընթացքում Բելառուսի տարածքից անցել են Լեհաստան: Այս մասին նոյեմբերի 10-ին հաղորդում են լեհական ԶԼՄ-ները:

Նրանց տվյալներով՝ երկու խմբեր, որոնցից յուրաքանչյուրում տասնյակ օտարերկրացիներ են, ճեղքել են սահմանային արգելափակոցները Կրինեկի եւ Բելովեժիի մերձակայքերում: Սահմանապահները հաստատել են այդ տեղեկատվությունը եւ հավելել, որ մարդկանց մի մասին հաջողվել է վերադարձնել սահմանային գիծ: Մյուսների որոնումները շարունակվում են: Սահմանային ջոկատի մամուլի քարտուղար մայոր Եկատերինա Զդանովիչը «Բելաստոկ» ռադիոյին պատմել է, որ երկու դեպքում էլ տեղի է ունեցել արգելափակոցների ուժային հաղթահարում:

Հաղորդվում է, որ ներկայում իրադրությունը «Կուզնիցա» սահմանային անցակետում հանգիստ է: Բելառուսական կողմում գտնվում է մի քանի հարյուր մարդ: Իրադրությունը երկու երկրների սահմանին բարդացել անցած երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 8-ին, երբ բելառուսական կողմից Լեհաստանի հետ սահմանին մոտեցել են Մերձավոր Արեւելքից ժամանած մի քանի հազար միգրանտներ, որոնք ցանկանում են հայտնվել Եվրամիությունում:

Լեհաստանի պաշտոնատար անձինք տեղի ունեցածը համարել են ամենադժվար պահը՝ սահմանի վրա ճգնաժամն սկսվելուց ի վեր: Լեհաստանը, Լիտվան եւ Լատվիան վերջին ամիսներին արձանագրում են անօրինական միգրանտների ուժեղացող հոսք, որոնք փորձում են Բելառուսի տարածքից անցնել ԵՄ-ի տարածք: Եվրամիությունում Բելառուսին մեղադրում են այն բանում, որ վերջինս քաոս է ստեղծել Եվրամիության սահմանների մերձակայքում: Լեհաստանը եւ բալթյան երկրները Բելառուսի իշխանություններին մեղադրում են միգրանտների հոսք կազմակերպելու մեջ եւ դա որակում են «հիբրիդային ագրեսիա»: Նույն դիրքորոշումն ունի նաեւ Եվրահանձնաժողովը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս