Բաժիններ՝

Արագածոտնում կվերականգնվի հեթանոսական շրջանի «Զաքարի բերդ» հուշարձանը

Նախատեսվում է վերականգնել Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի հեթանոսական շրջանի «Զաքարի բերդ» հուշարձանը, որը պատմական ամենայուրատիպ հուշարձաններից է և կառուցվել է Ք.ա. 1-ից Ք.հ. 1-ին դարերին:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ բերդն ունեցել է մեծաքանակ խոշոր ամբարներ, քարե մսուրներ, երկար քարե աստիճաններ, հաստ պարիսպներ։ Ամենանշանակալից պեղումները բերդի տարածքում կատարվել են 1990-ականների սկզբին՝ անվանի հնագետ Եսայի Ասատրյանի խմբի կողմից։ Այդ ժամանակ բերդի տարածքից գտնվել են հնագիտական մեծարժեք իրեր։

Եսայի Ասատրյանի մահվանից հետո նրա ընտանիքը ամեն կերպ փորձում է շարունակել գիտնականի գործը։ Նոյեմբերի 5-ին Արագածոտնի Ներքին Բազմաբերդ համայնքի՝ Եսայի Ասատրյանի անունը կրող դպրոցում կնքվել է հուշագիր, համաձայն որի 2022-ից կսկսվեն «Զաքարի բերդ» հնագիտական հուշարձանի տարածքի մաքրման, բարեկարգման, գիտական հետագա ուսումնասիրության աշխատանքները։ Հուշագիրը կնքվել է Եսայի Ասատրյանի ընտանիքի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ»-ի, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև։

Նույն օրը դպրոցում բացվել է թանգարան և հայագիտական լսարան։ Վերջինների աշխատանքը տնօրինելու են գիտական աշխատակիցներ, լսարանում դասախոսություններ և կրթական ծրագրեր են անցկացվելու, որոնցից կարողանալու են օգտվել նաև հարակից համայնքների դպրոցների աշակերտները։

Գիտնականի ընտանիքը ՊՈԱԿ-ի և ինստիտուտի հետ զբաղվում է նաև Եսայի Ասատրյանի անտիպ նյութերի ուսումնասիրությամբ և դրանց հրապարակման պատրաստությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս